Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի մասնակիցները ծափերով ողջունեցին Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այսօր հանդիպել են պայքարի դուրս եկած Հայաստանի ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ներկայացուցիչների հետ և որոշել աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում՝ Շարժման ընդլայնման ուղղությամբ։
«Հույս հայտնենք, որ մնացած քաղաքական ուժերը ևս կմիանան այս պահանջին, որովհետև այս պահանջը հանուն Արցախի և հանուն Հայաստանի է»,- այս առնչությամբ հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ պայքարին միացել է նաև Սփյուռքը․ վերջին մեկ ամսվա ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներում Դիմադրության շարժման օջախներ են ձևավորվել, բազմաթիվ գաղութներում երթեր, ցույցեր հանրահավաքներ են տեղի ունեցել։
«Այսինքն, այս կարևոր փաստը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ամբողջությամբ վերականգնելու ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նաև վաղվա անելիքները։
Yerevan Today