ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Կիրանց է գնացել։
«Սա մեր հողն է։ Մենք ուզում ենք մեր գյուղը, մեր հողը։ Ժողովուրդը խաբվել է, էլ ոչ մեկի չի ուզում լսել»,-ասում են գյուղացիները։
Վահե Ղազարյանն իր խոսքում նշեց. «Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու»,-ասաց նա:
«Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբի ղեկավար Սուրեն Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք կիրանցիները պետք է որոշեն, թե որտեղով անցնի սահմանը, ՆԳ նախարարն արձագանքեց. «Մարդիկ բան չիմանալով, գալիս կողքից խառնում են մարդկանց: Ես եկել եմ Կիրանցի ժողովրդի հետ խոսելու: Ես եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետեւից սեւ գործ անող չկա, սաղ ամեն ինչից տեղյակ եք լինելու»:
Բնակիչներից մեկը նկատեց, որ զինվորն իր արյան գնով գծել է սահմանը, թողեք այդպես մնա. «Դուք հիմա վրե՞ժ եք ուզում լուծեք կիրանցիներից: բա ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ»:
ՆԳ նախարարն ասաց. «Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի; Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, ես բացատրեմ»:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ եթե ադրբեջանցին գա, կանգնի գյուղի կողքը, գյուղան այլեւս անկեսունակ է լինելու. «Որեւէ երաշխիք չկա, որ ադրբեջանցին դրանից հետո իրեն հանդարտ է պահելու: Երկրորդ, սահմանազատումը պետք է այնպես արվի, որ որեւէ գյուղի կենսունակության վրա դա չազդի»:
Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։
Այսօր առավոտից էլ Կիրանցի բնակիչներն են փակել ճանապարհը:
Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:
Infoport.am