Դեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երեւանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։
Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Նշենք, որ 2019թ․-ից Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մխիթարյանին ծավալած բարեխիղճ եւ արդյունավետ գործունեության համար։ Մ․ Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական», – ասված է թատրոնի պաշտոնական էջում։
Նշենք, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել և ֆեյսբուքյան էջում տեղեկացրել դրա մասին։
«Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում: Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»,-ընդգծել է Մխիթարյանը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պարտավորությունները կատարում էր 2019 թվականից: