Սերո
Ակսել Բակունցը և Սերո Խանզադյանը Սյունյաց աշխարհի զավակներն են: Բակունցը ծնվել է 1899 թվականին, Խանզադյանը`1915 թ.:
Խանզադյանի «Ինչպես հիշում եմ» գրքում հիշողություններ կան նաև Ակսել Բակունցի մասին:
«Երազկոտ զանգեզուրցու»[1] մասին Խանզադյանը պատմում է.
«1928 թվականն էր. Խոր աշուն:
Հայրս տուն եկավ հուզված, խանդավառ: Կանչեց ինձ.
-Այ տղա, վեր կաց: Ծառ են բերել, գնանք տեսնենք:
-Ի՞նչ ծառ,-հարցնում եմ` տրեխներս հագնելով:
-Ակսելը Ռուսեթի խնձորենիներ է բերել, վեր կաց:
Շտապելով դուրս ենք գալիս տնից:
Աշուն է, սարերում ձյուն կա արդեն: Ձորի ծառերը տերևաթափ են, տխուր, միայն ջահել թթենիներն են հուրհրատում ձորալանջերին, անծուխ բոցի պես շլացնող:
Լուկաշինի բակում (ընկեր Լուկաշինի անվան մեր դպրոցն է) մարդիկ են հավաքվել: Ֆուրգոններից խուրձ-խուրձ ծառերի կապեր են հանում: Մատղաշ ծառեր են, ոչ տերև ունեն, ոչ բողբոջ, կարծես քնած են: Նրանց արմատները փաթաթված են են խսիրով, ճյուղերից կախված են ֆաներայի պատառիկներ`ծառի կենսագրությունը վրան` անունը («բելոֆլոր» կամ «ռանետ կուրսկիյ»), ծննդյան թիվը (երեք տարեկան), ծննդավայրը (Հյուսիսային Կովկաս, Կուրսկ, Ռոստով և այլն):
Մեր քաղաքի մարդիկ, որոնց մեծ մասը տակավին հողագործ է, մի փոքր անվստահ են ձեռք տալիս մատղաշ ծառերին:
-Էս որտեղի՞ բսուկ ա, Ալեքսանդր,- հարցնում է մեր հարևան Ավանես ամին:
-Ռուսաստանի,-պատասխանում է Ակսելը:
-Հա՜,-պայծառանում է Ավանես ամին:-Մի քիչ խասիաթ պարզիր, հեռու տեղից եկած ծառ ա:
Ակսել Բակունցը մոտենում է տունկերի կույտին: Ես կլանված նայում եմ նրան: Նույն վերարկուն է հագին, նույն կեպին է շվաք գցել լայն, բարձր ճակատին: Կեպիի տակից դուրս է պրծել մի փունջ անհնազանդ մազ: Նա զգուշությամբ վերցնում է բարալիկ, հազիվ մեկ-երկու ճյուղ ունեցող շիվերն ու բացատրում դրանց «խասիաթը»: Բացատրում է գրողի քնքշանքով և «ագրոնոմի» հմտությամբ:
-Բա՜…-երկարածորում է Երի Շենից մեր քաղաքը նավթ առնելու եկած Խաչին` Նավթամանը ձեռին, հազիվ սպիտակող բեղերի տակ խորամանկ ժպիտ:-Էդ ծառերը Կյորեսի ձորում դիմանալ չեն:
-Կդիմանան ,-ասում է Բակունցը:-Տարեք տնկեցեք, աճեցրեք, բազմացրեք:Խնձորը պատվական միրգ է:
Երիշենցի Խաչին ձեռքը թափ տալով գնում է:
-Ծառ չե՞ս տանում,-նրա հետևից հարցնում է հայրս:
-Մեր գյուղում մի ծառ կա՞, որ մինն էլ տանեմ: Սար երգիր ա, մեզանում ծառ չի բուսնի:
Եվ գնում է` նավթամանը մեջքին օրորելով:
Մերոնք վարանոտ նայում են տնկիներին, մեկ-մեկ վերցնում, տնտղում:
-Տանենք, փորձենք:
Բարութչի Ավանես ամին բռնում է Բակունցի թևը:
-Ալեքսանդր, յանի որ տանենք, նեղություններս մի քանի կհասնե՞ն:
Բակունցը ներողամտորեն ժպտում է, նորից սկսում բացատրել խուլ ձորերում ծնված, ձորերում մեծացած, ձորերից այն կողմի աշխարհներին անտեղյակ մարդկանց, թե ինչպիսի մեծ օգուտ կտան խնձորի այգիները: Գյուղացիները հավատում են նրան: Ինչպես չհավատան այն մարդուն,որ այնպես հմտությամբ ճանաչում է իրենց, գիտի թափանցել իրենց հոգու խորքերը, իրենց աշխարհի ու կյանքի երգիչն է:
Մերոնք խնձորենիներ են տանում իրենց բախչաներում, բոստաններում ու այգիներում տնկելու: Մենք էլ ենք ծառեր բերում: Հայրս փոսեր է փորում, խնամքով տնկում «Ակսելի բերած ծառերը» և մեր հարևաններին խորհուրդ տալիս, որ իրենք էլ իրենց «չաստոկներում» դրանցից տնկեն: Հայրս սիրում է Ալեքսանդրի անունը «գրաբարավարի» ասել` Ակսել:
-Այ մարդիկ,-դիմում է նա թերահավատներին,-Ակսելն աշխարհի տակն ու գլուխն իմացող, գրող-ագրոնոմ է, բա որ նրան չհավատանք, էլ ո՞ւմ հավատանք: Նրա գրածներն անպտո՞ւղ են, որ բերած ծառերն էլ անպտուղ լինեն:
Այդ ձմեռ «Ռուսեթի» ծառերը տխրեցին Վարարակնի հովտում.տխրեցինք նաև մենք, երբ կարդում էինք «Մթնաձորի» Ավու, Վանդունց Բադու, Մինա բիբու և ուրիշ մեզ հարազատ մարդկանց անցած հնացած պատմությունները:
-Հե՜յ գիտի հա,- ասում էր հայրս:-Մարդ էլ էսքան բան իմանա՞: Սողոմոն իմաստունն է մեր Ակսելը: Երանի՜
Ստեփան դայուն:-Ասում էր, փափախը դնում, գնում Ակսելի հոր` Ստեփան դայու հետ զրույց անելու:
Բակունցը վայելեց իր բերած խնձորենիների պտուղը:
Հիշում եմ, 1931 թվականին նորից էր եկել Գորիս: Ստեփան դայու հետ նայեցին մեր ծառերը: Մեծացել էին, ճյուղ տվել, ճյուղերին` պտուղներ, պտուղներին` աշնան եղյամ: Ժպտաց, երբ կծեց «շարմաղ» խնձորը` համից ինքնաբավական:
-Մեր հողի քաղցրությունն ու մեր արևի համն էլ է խառնվել հետը:-Ասաց, կապույտ աչքերում ժպիտ, ձայնի մեջ հարազատ մի երգ, որ մինչև հիմա էլ ականջիս մեջ է…
Երբ հաց էինք ուտում, հայրս ասաց.
-Ակսել, ախր մեր էս «խոխան» էլ է բան-ման գրում:-Ձեռքը մեկնեց իր ինը երեխաներից իմ կողմը:
Բակունցը նայեց ինձ: Ես փախա…Ի՞նչ է ասել նա հորս, չգիտեմ: Միայն երեկոները հայրս, եթե քեֆը տեղն էր լինում, ասում էր.
-Ադա, մի մեր Ակսելի գիրքը բեր, մի բան կարդա:
Կարդում էի, հայրս հրճվագին ասում էր.
-Հեյ վա՜խ, Սողոմոնի խելքն ունի: Երանի Ստեփան Դայուն: Հիմա էլ քո գրածներից կարդա:
Իսկ ես իմ գրածները նրա համար չէի կարդում»:[1]
[1] Ս. Խանզադյան, «Ինչպես հիշում եմ», Երևան, 1988, էջ`7-10:
[1] Բակունցի մասին իր հուշերում Մկրտիչ Արմենը նրան այդպես է անվանում:
.
«Բակունցի խնձորենիները»
Լ. Լալայան