Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։
«Չկա այդպիսի բան։ Դեռևս պայմանավորվածություն չկա հանդիպման և դրա վայրի հետ կապված», -ասաց Ռուբինյանը։
«Սաբահ» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում, իսկ սահմանի բացման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը։
«Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այն կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Մինչ սահմանի փակվելը՝ 1993 թվականին այնտեղով 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ էր անցնում, իսկ այսօր սահմանը բացելու դեպքում այդ թիվը կտասնապատկվի։ Կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը շուտով կրկին կհանդիպեն։ Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում»,- ասել է աղբյուրը։
ԱԳՆ -ի հետ կապ հաստատել չհաջողվեց, Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ, առաջիկայում Հայաստանի Արտգործնախարարությունը ևս հերքում կտարածի։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի նշանակած հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ հիմա չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։
Թեև իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները:
Աղբյուր՝ Past.am