Այս իշխանությունների հեռացումն առաջին հերթին պատկերացնում ենք ընտրությունների միջոցով, որովհետև այս պահին հասարակությունը փողոց գեներացնելուն չի արձագանքում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ պետք է մարդկանց սովորեցնել ընտրություն կատարել, ձևավորել իրենց երազած իշխանությունը։
«Պետք է բացատրենք, որ ընտրություն անհրաժեշտ է կատարել ոչ թե էմոցիոնալ, պահից ելնելով, այլ ընտրել ճանապարհ անցած, խնդիրներ լուծած մարդկանց»,- ասաց նա։
Հանդիպմանը ներկա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն էլ իր հերթին անդրադարձավ եկեղեցու դեմ իշխանության արշավին՝ շեշտելով, որ իրենք Հայ Առաքելական եկեղեցու զինվորներն են, հավատարիմ հետևորդը։
«Եկեղեցու դեմ հարձակումն ընկալում ենք մեր ինքնութան դեմ հարձակում։ Գտնում ենք, որ առաջնորդողը եկեղեցին է, Վեհափառ հայրապետը, բայց հիշեցնում ենք, որ ցանկացած հայրապետական հորդորի կամ առաջարկի դեպքում տեղում ենք»,- ասաց նա։
Հարցին՝ միայն իշխանությա՞ն հետ համագործակցությունն են բացառում, բանախոսներից Նաիրի Սարգսյանը բացասական պատասխան հնչեցրեց։
«Կան իշխանության սատելիտ ուժեր, որոնք սպասարկում են իշխանության օրակարգը, հետևաբար նրանց չենք կարող իրարից տարանջատել»,- ասաց նա։
Նարեկ Մանուկյանն էլ նշեց, որ ջուրը մտնելուց չպիտի վախենալ թրջվել, և այս ընթացքում ինչ էլ լինի՝ իրենք պատրաստ են բոլոր զարգացումներին։
«Համարձակություն ենք դրսևորել և չենք վախենում։ Անելու ենք այն, ինչ ճիշտ ենք համարում»,- ասաց նա։





