Թուրք հնեաբանները Տայքի Արտանուջ քաղաքում գտել են Տայքի կյուրոպաղատ Աշոտ Բագրատունու (դավադրաբար սպանվել է 826 թվականին) դամբարանը։ Գիտական աշխարհը հրճվանքի մեջ է այդ գտածոի պատճառով և բնականաբար, Աշոտը ներկայացվում է որպես վրացի, վրաց թագավոր։ Նախ, վրաց առաջին Բագրատունի թագավորը Ատրներսեհն էր, որը 899 թվականին թագն ստացավ հայոց Սմբատ Ա Բագրատունի արքայից։
Բայց․ ինչու՞ Տայքի կյուրոպաղատները վրացի կոչվեցին, ինչու՞ Տայքը համարվեց վրացական։ Այդ հարցն ուղղեք Հայաստանյաց Առաքելական եկեղեցու սպասավորներին։
Դեռ միջնադարից ձեր գործածած՝ Ով առաքելադավան չէ՝ հայ չէ, պիղծ ու պառակտիչ թեզը մեր տունը քանդեց։ Արդյունքում, Տայքի և Գուգարքի քաղկեդոնական հայությանը եկեղեցին դուրս մղեց հայության գրկից, իսկ վրացիները սիրով, գրկաբաց ընդունեցին նրանց։ Արդյունքում՝ հարյուր հազարավոր հայեր վրացիացան։
Եվ այդ լկտի արտահայտությունը հոգևորականներն անում են անգամ 21-րդ դարում։ Թե դուք ով եք, կամ ինչ եք ձեզնից ներկայացնում, որ պետք է մարդու ազգություն որոշեք։ Ով իրենց տեսակը չէ՝ հայ չէ։ Չէ մի․․․
Դե վայելեք ձեր ազգուրաց ու դավաճան կեցվածքի պտուղները։ Ողջ գիտական աշխարհը Տայքը վրացական է համարում։ Թե կարող եք՝ հակառակը պնդեք։
Օրինակ բերեմ․ 13-րդ դարի սկզբին Իվանե Զաքարյանը քաղկեդոնականություն ընդունեց։ Կղերական պատմիչները գրում են․ Հայ էր և դարձավ վրացի․․․
Այսպես է շարունակ օտարվել հայն իր հայրենիքից, հայրենիքն անցել օտարին։ Ո՞վ է մեղավոր․․․ ինձ համար պարզ է, դու՛ք մտորեք․․․
Վահե Լորենց, պատմաբան, գրող-հրապարակախոս