Պատմության թանգարանի ցուցանմուշների ցուցադրությունն Ակրոպոլիսում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ցուցահանդես անցկացնել՝ Բեռլինի թանգարանի հետ համագործակցությամբ:
Նախարարը հիշատակեց Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգը, որին մասնակցելու համար Երևան էքր ժամանել ավելի քան 15 հազար օտարերկրացի։ Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ մտադրություն կա մեկ այլ աստղի մասնակցությամբ այդ հաջողությունը կրկնելու։ Իսկ թե ով է լինելու այդ աստղը, առայժմ հայտնի չէ:
Անդրադառնալով այն հարցին, թե որքան միջոցներ են վերադարձվել բյուջե՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ծախսված հսկայական գումարի փոխարեն, նախարարը հստակ թիվ չնշեց՝ նկատելով, որ այդ արդյունքները դեռ վերլուծվում են:
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ որևէ կառավարություն մշակույթի համար այնքաններդրում չի արել, որքան գործող կառավարությունը։
Ըստ այդմ՝ Անդրեասյանը հիշատակեց թատրոնների շենքերի վերանորոգումն ու տեխնիկական հագեցվածության ապահովումը: Նրա խոսքով՝ շահել են նաև թանգարանները, որոնք կառավարության ծրագրի շնորհիվ կարողացել են կրկնապատկել ստացված եկամուտները: Նախարարը հատկանշական համարեց ամանորյա տոների ընթացքում թանգարանների աշխատանքային փորձը. ըստ նրա՝ հունվարի 1-ին և 2-ին գործող 4 թանգարաններում ավելի քան 700 այցելու է եղել:





