Տավուշում, հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի ու հակառակորդի դաշնակցի հայտարարությունների հիման վրա ռազմական նոր գործողությունները սկսեցին գնահատվել՝ խիստ հավանական։
«ԶՈՒ գլխավոր շտաբը, խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը, իրականացրել է բավականին ծավալուն համապատասխան միջոցներ, և ես համոզված եմ, որ ԳՇ պետն այդ գործողությունները ներկայացրել է»,- աԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց Դավիթ Տոնոյանը։։
Հիմնական ռեզերվ հանդիսացող բանակային 1-ին կորպուսի զարամասը պատերազմից առաջ ի՞նչ հիմնավորմամբ է նախարար Տոնոյանը որոշել կրճատել։ Այս հարցին նա կանդրադառնա դռնփակ նիստի ժամանակ։
Իսկ այն, ինչ հրապարակման ենթակա էր, նախկին նախարարն ասաց. «Ռեզերվային կրճատված զորամիավորումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Հատուկ ստորաբաժանումների ստեղծումն ավելի կարևոր էր, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումը»։
Իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այս հարցի վերաբերյալ նշել է, որ շատ է ափսոսում, որ բանակային 1-ին կորպուսի զարամասը կրճատելու որոշում է կայացվել։ Իսկ որոշումը կայացնելու ժամանակ ԳՇ պետ է եղել Արտակ Դավթյանը։
Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ ԳՇ երկու պետ ենք ունեցել։ Զորամասը կրճատելու և հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու որոշումը կայացրել են նախարար Դավիթ Տոնոյանն ու ԳՇ պետ Արտակ Դավթյանը, իսկ հետո արդեն ԳՇ նոր պետ Օնիկ Գասպարյանը գտել է, որ զորամասը կրճատել պետք չէր, բայց դրա մասին նախարար Տոնոյանին չի հայտնել։ Տոնոյանն էլ ասաց՝ ԳՇ պետը կարող էր ասել ինձ դրա մասին, ասել, որ ափսոսում է. ինչո՞ւ չի ասել։