«Հայրենիքի գողը մտածմունք ունի, որ այս շարժումը կարող է մարել և ինքը ապրելու է հանգիստ կյանքով։ Մոտ մեկ ամիս է, որ դուրս ենք եկել ակտիվ պայքարի , այսօր արդեն Կառավարության նիստում տիեզերք թռչելու ծրագրեր էմտածում։ Մենք քեզ չենք թողնի, որ դու գնաս տիեզերք, քո տեղն այստեղ է՝ Նալբանդյան փողոցում, Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Մենք քեզ կուղարկենք այնտեղ, հայրենիքի գո՛ղ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա մեծ էկրանի վրա ուշադրություն հրավիրեց, որտեղ ցուցադրվեց Հայաստանի ու Արցախի քարտեզը՝ մինչև Փաշինյանի իշխանության գալը, այնուհետև Հայաստանը՝ իշխանություն գալուց հետո։
Դեսպանը նաև հորդորեց սթափ նայել Փաշինյանի գործողություններին։
«Եթե նկատել եք, նրա գործողություններում չկան այլևս ոչ մի փաստաթղթեր։ Նա ձեռնպահ է մնում ստորագրել փաստաթղթեր։ 2020թ․ի նոյեմբերի 9-ի և 2021թ․ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները չեն վավերացվել Հայաստանում, ՍԴ-ն չի քննարկել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, որովհետև դրանք ապօրինի են և հակասահմանադրական։ Հիմա գնացել է Բրյուսել պայմանավորվածություններ է ձեռք բերում, հայրենիքը հանձնում է թշնամուն և չկա ոչ մի գրավոր արձանագրում։ Այս ամառ կլինի վերջին ամառային զորակոչը, երբ Արցախի պաշտպանության բանակը կլքի վերջին ժամկետային զինծառայողը , իսկ բանակը չի համալրվել նոր ծառայողներով, որտե՞ղ է դա գրված, ոչ մի տեղ։ Արցախ չի թույլատրվում զինվորական համազգեստով որևէ զինվորականի մուտք, ինկասացիայի մեքենայի մուտք , հատուկ տարբերանշանով որևէ մեքենայի մուտք , որտե՞ղ է դա գրած, ոչ մի տեղ։ Մենք չենք կարողանում Գորիսից գնալ Կապան, որ փաստաթղթում է դա գրված , ոչ մի տեղ»,- ասաց Ղազարյանը։
Քաղաքական գործիչը նկատեց, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում էլ ոչինչ չի ստորագրվել, փոխարենը պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հիմա փորձում են շատ արագ լուծել սահմանազատման ու սահմանագծման հարցը։
«Վրաստանի հետ Հայաստանը եղբայրական պետություն է։ 30 տարվա ընթացքում հայ-վրացական սահմանը դեռ ամբողջությամբ չի սահմանազատվել և սահմանագծվել։ Դա հնարավոր չէ անել կարճ ժամանակահատվածում։ Այսքան նոր սահման Ադրբեջանի հետ ե՞րբ պետք է գծեն, եթե բարեկամ Վրաստանի հետ 30 տարում դա չի արվել, թշնամական երկրի հետ ինչպես է հնարավոր անել կարճ ժամանակահատվածում։ Դա հնարավոր չէ»։
Ղազարյանը ցույց տալով քարտեղը, մանրամասնեց, որ ադրբեջանական կողմից հետաքրքրում է միայն Գորիսի Տեղ գյուղով անցնող սահմանը, որովհետև այդ սահմանից է միջպետական ճանապարհով Հայաստանը կապվում Արցախի հետ։
«Նրանք ճշտելու են միայն սահմանի այս փոքր 5 կմ հատվածը , որից հետո կլինեն ադրբեջանական սահմանային և մաքսային ուղեկալներ։ Մենք փորձելու ենք գնալ Արցախ և մեզ ադրբեջանցի սահմանապահները հարցնելու են՝ « պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»»,- ասաց Ղազայանը ՝ նշելով, որ որևէ մեկին թույլ չեն տալու մտնել Արցախ։
Անդրադառնալով Սյունիքին,Ղազարյանը նշեց, որ ողջ Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանն ունենալու է տոտալ վերահսկողություն։ Նրա խոսքով՝ այս ամենի դիմաց մեզ խաբում են տրանսպորտային ապաշրջափակմամբ։
«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղին գնա մինչև Ռուսաստան։Մենք մի հսկայական տարածություն պետք է անցնենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով։ Ո՞ր մի բեռնափոխադրողը կտանի էտ բեռը, եթե դա ապահովագրած չի։ Ո՞ր ապահովագրական ընկերությունը կապահովագրի մի բեռ, որը 600 կմ պետք է անցի Ադրբեջանի տարածքով։ Սուտ է, չի լինելու նման բան։ Սա հայրենակործանում է։ Որտեղ է այստեղ լույսի հատիկը՝ նա ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բոլոր պայմանավորվածություններն անձնական են»,- ասաց դեսպանը։
Ղազարյանի համոզմամբ՝ Փաշինյանին իշխանությունից զրկելուց հետո ամեն ինչը կդառնա առոչինչ, իսկ Հայաստանի ժոմանակավոր Կառավարությունը կորոշի,թե ինչ քաղաքականություն վարել և ինչ ձևով լուծել Հայաստանի և Արցախի ճակատագրերը։
«Հանե՛ք ձեր մտքից այդ անմիտ դատողությունները, թե քաղաքական պայքար է, իշխանության համար պայքար կամ աթոռակռիվ է։Ի՜նչ աթոռ, չկա այս երկրում ո՛չ աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ տուն, ոչինչ։ Փրկե՛ք մեր երկիրն էս թշնամուց, սա մեր հայրենիքի գողն է։ Պետք է խափանել գողին և փրկել հայրենիքը»,- եզրափակեց նա։
Աղբյուր` Panorama.am