2018թ.-ին հայտարարվում էր, որ հեղափոխությունից հետո հսկայական ներդրումներ են Սփյուռքից գալու Հայաստան, և թռիչքաձև տնտեսական աճ ենք ունենալու: Ու՞ր մնացին տնտեսական թռիչքաձև աճն ու հսկայական ներդրումները: ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Զարեհ Սինանյանը նկատեց՝ ավելի ճիշտ կլինի այդ հարցն ուղղեն էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ ինքը վիճակագրական տվյալներ չունի դրա հետ կապված:
«Մենք Հայաստանում ներդրումների հետ կապված մի խնդիր ունենք, որը համապատասխանում է հայաստանյան իրականությանը: Մարդիկ գալիս են ներդրումներ անելու և այն ներդրումները, որոնք կապված են բյուրոկրատիայի տարբեր օղակների հետ, դժվարությունների են առնչվում: Բյուրոկրատիան դեռ չի վերափոխվել: Այսինքն պետական աշխատողի մոտեցումը ներդրողի նկատմամբ այն չէ, ինչ ցանկալի է»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Վերջինս նշեց, որ աջակցում են այն հայրենակիցներին, որոնք դիմում են ներդրումների հետ կապված:
Աղբյուր` Փաստինֆո