Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանրությանն ուղղված ուղերձում, անդրադառնալով ներքին կյանքին առնչվող որոշ հարցերի, մասնավորապես նշել է, որ ոչ մի պարագայում թույլ չի տալու ներքին կործանարար իշխանատենչությանն ու անձնական նկրտումների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի փորձերը:
Ըստ նրա՝ վերջին օրերին Արցախում կրկին կատարվել են ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր և անհատներ իրենց հայտարարություններով, գործողություններով կամա թե ակամա ստեղծում են ներքին անհամերաշխության ու ապակայունության լրացուցիչ պայմաններ:
Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու և պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ:
«Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից, հանուն Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության՝ պատրաստ եմ համագործակցության ցանկացած կարող ուժի ու անհատի հետ և իմ գործունեության ընթացքում փորձել եմ անել ամենը, որ այդպիսի երևույթները գնահատվեն որպես սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, մյուս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխությունն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժեքներ են, որոնց պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն ես եմ:
Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացվածը նույնպես ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առավել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առավելություն: Հենց այդ հանգամանքն է, որ հաճախ, հանուն երկրի ներքին խաղաղության ու համերաշխության, ինձ դրդում է համագործակցության այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թվում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը: Այս մոտեցումը որդեգրել եմ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքական խորհրդակցությունները, վերջին օրերին հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացված պահանջները, իմաստուն գնահատականները և ներքին կայունության ու ամրության առանձնահատուկ կարևորումը»,- շեշտել է ԱՀ նախագահը: