Ողջ աշխարհն այս օրերին մտածում է հայերին սփոփող խոսքեր գտնելու մասին, իսկ Հայաստանում վարչապետը համերգ և ընդունելություն է կազմակերպում. սա աննախադեպ խայտառակություն է. Էդգար Ղազարյան

104

Բանակի օրը վերածեցին սգի, սգո օրը՝ տոնի։ Պետության ղեկավարի անունից համերգի և պաշտոնական ընդունելության հրավեր՝ տվյալ երկրում պաշտոնապես հայտարարված հիշատակի օրվա առթիվ․ սա աննախադեպ խայտառակություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում բազմաթիվ առիթներ են եղել տարբեր հիշատակի, ոգեկոչման միջոցառումների, մոմավառության, ծաղկիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունների մասնակցելու համար, սակայն չի եղել մի դեպք, երբ դրան հաջորդի պաշտոնական ընդունելություն։ Պետության ղեկավարի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, դեսպանների անունից պաշտոնական ընդունելություններ կազմակերպվում են տոների, հոբելյանների, կարևոր նշանակություն ունեցող պետական այլ միջոցառումների (գագաթաժողովներ, համաժողովներ, պարգևատրման արարողություններ և այլ) առիթներով։ «Պաշտոնական ընդունելություն» ձևաչափը ենթադրում է հյուրասիրություն՝ խմիչքներով, բաժակաճառերով և այլն։

Հնարավոր է, որ քաղաքական պաշտոններում հայտնվեն ամեն տեսակի պատահական մարդիկ՝ նաև տգետ, անդաստիարակ, չտես, անփորձ, անկիրթ։ Իսկ որտե՞ղ են պետական ծառայությունները։ Մի՞թե այս ամենի հետ կապ ունի ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։

Ողջ աշխարհն այս օրերին մտածում է հայերին սփոփող խոսքեր գտնելու մասին՝ անգամ առանձին մտքերին և եզրույթներին կարևորություն տալով, իսկ Հայաստանում պարզվում է վարչապետը կազմակերպել է համերգ և ընդունելություն։

Մի գուցե թուրքասեր և թուրքահպատակ վարչախմբի համար Ցեղասպանությունն իրոք տոն է, որը պետք է նշվի բաժակաճառերի ներքո՝ կուշտ փորով ուտելով և գինարբուքով։

Հ․Գ․ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ ոչ մի պաշտոնական միջոցառում Հայաստանում չի կազմակերպվել։ Հավանաբար, դավաճաններն արդեն գիտեին, որ դրանից վեց օր հետո սկսվելու է մի կործանարար պատերազմ, որով մեր երկու պետականությունները պետք է հանձնեին թշնամուն՝ մեր ժողովրդի հազարավոր լավագույն զավակների հետ միասին։

Հ․Գ․2․ Սրա համար ենք ասում շուտ հեռացեք։ Իշխանության մնալու ձեր յուրաքանչյուր օրն ավելացնում է ձեր աններելի հանցանքների չափը»,- գրել է Ղազարյանը: