Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ԱԷՄԳ-ի ուղեցույցի համաձայն:
ՏԿԵ փոխնախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) ժամանակացույցով նախատեսված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության Էներգաբլոկի կառուցում՝ տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտորներ:
Ընկերության ընդհանուր կառավարումը պետք է իրականացվի լիազոր մարմնի, այն է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։
Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Անհրաժեշտ կլինի տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ:
Ակնկալվում է, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում այն կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:
Նոր ստեղծվող կազմակերպության բյուջեն ըստ նախնական գնահատականի 2024թ. համար կկազմի 200 մլն դրամ։
Աղբյուր՝ News.am