Ֆրանսիայում այսօր սկսվել են աշխատանքները Նոտր Դամ տաճարի մեծ երգեհոնի վերականգնման և մաքրման ուղղությամբ։ Տաճարը հրդեհից վնասվել էր ավելի քան մեկ տարի առաջ:
Երգեհոնը ապամոնտաժում են կապարի փոշին հեռացնելու նպատակով: Տաճարի գլխավոր երգեհոնիստ Օլիվյե Լատրիի խոսքերով՝ երգեհոնը ուղղակի հրաշքով է փրկվել կրակից։ Այն չի վնասվել հրդեհից կամ ջրից, բայց լի է փոշով: Բացի դրանից, հրդեհից հետո բարձր ջերմաստիճանից վնասվել են դրա առանձին մասերը, հաղորդում է Le Figaro-ն։ Աշխատանքի ավարտը նախատեսվում է 2024 թվականի ապրիլին։