Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայ պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար՝ դեպի երրորդ երկրներ. 24TV-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ Չավուշօղլուն ասել է՝ Թուրքիայի օդային տարածքով հայերն ամեն օր թռիչքներ էին գործում, հիմա թող չնեղանան, տարածքը փակել են։
«Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել, եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նիստին մասնակցելու։ Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է թուրք դիվանագետը։
Ապրիլի վերջին Անկարան չեղյալ հայտարարեց հայկական FlyOne Armenia ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով Եվրոպա թռչելու թույլտվությունը։
Չավուշօղլուն չորեքշաբթի հաստատել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ չբացառելով նոր միջոցների կիրառումը։ Նախարարն այս որոշումն «արդարացրել է» Երեւանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման «անթույլատրելիությամբ»։
«Նեմեսիս» գործողության մասնակիցներին նա անվանել է «ահաբեկիչներ, որոնք սպանել են Թուրքիայի քաղաքացիներին ու դիվանագետներին»։
Հիշեցնենք, որ Երևանում հուշարձանը բացվել է ապրիլի 25-ին։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ թուրք դահիճներից արդարացիորեն վրեժ լուծած հայ հերոսների հիշատակին։
Այդ օրվանից Թուրքիայում կրքերը չեն հանդարտվում, թուրք պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են Հայաստանի նկատմամբ «պատժամիջոցներ» կիրառելու մասին։