Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը մասնակցել է Վավերագրական ֆիլմերի ամենահին՝ Լայպցիգի փառատոնին և «լավագույն ֆիլմ» անվանակարգում արժանացել «Արծաթե աղավնի» մրցանակին։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համարտադրություն է։
«Հինգ տարի աշխատեցի այս ֆիլմի վրա, ինչը տեւական եւ բարդ աշխատանք էր, բայց ամեն դեպքում զուգադիպեց այն ժամանակահատվածի հետ, երբ այս իրավիճակն է Հայաստանում, ու փառատոնի տոնը ամբողջությամբ չեմ կարողանում վայելել, զգալ: Մյուս կողմից էլ մտածում եմ, որ սա եւս մի եվրոպական հարթակ է՝ ներկայացնելու ասելիքդ, հավելյալ հնարավորություն՝ մեր նպատակներին ծառայեցնելու համար: Հատկապես հիմա, երբ տեսնում ենք, թե ինչպես է եվրոպական քաղաքականությունը պաշտպանում դիկտատորներին, նման հարթակները միջոց են, որպեսզի եվրոպական հասարակության հետ կինոյի լեզվով խոսես»,- պատմեց կինոռեժիսորը։
Հովհաննեսը Լայպցիգի փառատոնի բեմից իր ելույթում ասել է.
«Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմիս «Արծաթե աղավնին» նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին, որին Ադրբեջանը, սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել ու 20 օր առաջ հարձակվել, ենթարկել ցեղասպանության ու էթնիկ զտման։ Եվ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանին, որին առևանգել են Կարմիր Խաչի մեքենայից։ Նա մեն-մենակ, անօգնական այժմ պահվում է Ադրբեջանի բռնապետական բանտում։
Կասկած չունեմ, որ հայերի ու բախտակից ժողովուրդների արժանապատվությունը կվերականգնվի, արդարությունը վաղ, թե ուշ կհաղթի, ու կհաղթահարվի ինքնության այս ճգնաժամը։
«Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմի համար շնորհակալ եմ ֆրանսիական «Սանոսի» արտադրությանը, ֆիլմերի զարգացման «Եվրասիադոկ» ծրագրին, Թբիլիսիի «Սինեդոկ» փառատոնին, Լայպցիգի փառատոնին և, անշուշտ, ֆիլմի հերոսներին՝ Հասմիկին, Գարիկին ու Լևոնին»։
Հովհաննեսը դեռ չի վերադարձել Լայպցիգից։ Վերադառնալուն պես Azg.am-ը հարցազրույցի ձևաչափով կպատմի նրա «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմի ու փառատոնային ճանապարհի մասին։