Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա ռեժիսոր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Կարեն Գևորգյանի՝ «Երկընտրանք» խորագրով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի ցուցադրությունը բացառիկ է․ այն Արցախյան առաջին պատերազմի մասին է։ Հեղինակը ֆիլմն ավարտել է 2000 թվականին։ Այն էկրան չի բարձրացվել ռեժիսորի որոշմամբ, քանի որ նրա կարծիքով՝ հաղթանակի ոգևորությունից հետո ֆիլմում բարձրացված ազգային ինքնագիտակցության և պետականության կառուցման խնդիրները լուրջ չէին ընդունվի ո’չ իշխանության, ո’չ հասարակության կողմից։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
Կարեն Գևորգյանը ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1958 թ․ ընդունվել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի օպերատորական բաժին։ 1963-1967 թթ․ սովորել է Մոսկվայի ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միությանը կից կինոռեժիսորների բարձրագույն կուրսեր։
1970-1980 թթ․ աշխատել է «Հայֆիլմ», ապա «Լենֆիլմ» կինոստուդիաներում։ Եղել է «Տերն ու ծառան» կարճամետրաժ կինոնկարի օպերտորը, «Իվան Պավլով», «Օգոստոս», «Սահմանների բաժանումը» ֆիլմերի տնօրենը։ Որպես կինոօպերատոր և ֆիլմի տնօրեն՝ Կարեն Գևորգյանը մի շարք վավերագրական և փաստավավերագրական ֆիլմեր է նկարահանել «Ա․ Դովժենկոյի», «Լենֆիլմ»։
1992 թ․ Կարեն Գևորգյանը Մոսկվայում հիմնադրեց «Նավիգատոր» ստուդիան, որը սեփական «Հայոց նոր տարեգրություն» ծրագրով իր գործունեությունն է ծավալել Լեռնային Ղարաբաղում։ Նրա ֆիլմերը միջազգային կինոփառատոններում արժանացել են բարձրագույն պարգևների և
մրցանակների։ Չինգիզ Այթմաթովի վեպի հիման վրա նկարահանած «Չալիկ շունը, որ վազում էր գետեզերքով» ֆիլմը 1991 թ․ 17-րդ Մոսկովյան կինոփառատոնում արժանացել է բարձրագույն պարգևի։ Կարեն Գևորգյանը միջազգային (Իտալիա, Ֆրանսիա, Մոսկվա, Հայաստան) կինոփառատոնների ժյուրիի անդամ է, Մոսկվայի երիատասարդական կինոփառատոնի պրեզիդենտը։ Արցախի հերոսամարտին և ազգային խնդիրներին նվիրված նրա «Պատերազմ առանց մեկնաբանությունների» ֆիլմը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։