ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, լրացում կատարել «Պետական տուրքի մասին և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի:
Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
Քրեականացնել Քրեական օրենսգրքի 461-րդ (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) հոդվածի կամ 462-րդ (Վարժական հավաքից խուսափելը) հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը: