Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային քաղաքականություն է. մեր քաղաքականությունն է զարգացնել եւ ընդլայնել մեր համագործակցությունը, փոխգործակցությունը մեր հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: Այս մասին, այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Դիտարկմանը, որ նախագահի թեկնածուներից մեկը՝ Փեզեշքիանը ազգությամբ ադրբեջանցի է, նա ասաց. «Մեր սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխությամբ չի փոխվում: Նախագահի բոլոր թեկնածուները իրեն ելույթներում ընդգծել են իրենց որդեգրած քաղաքականությունը՝ զարգացնելու հարաբերությունները հարեւան երկրների հետ, այդ թվում Հայաստանի: Պետք է նշեմ, որ Իրանն ունի շատ մեծ բնակչություն եւ այնտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն դա չի կարող ազդել երկրի կողմից որդեգրած սկզբունքային եւ ազգային քաղաքականության վրա: Նրանք բոլորը այդպես են մտածում եւ այդպես են վարվում»,-ասաց դեսպանը:
Նա հավաստիացրեց, որ Իրանը եղել է Հայաստանի բարեկամը, կա եւ կլինի. «Հայաստանի հետ հարաբերությունները նոր ստեղծվող կառավարության շրջանակում ավելի կզարգանան:
Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային եւ փոխադարձ շահերի հիման վրա: Այդ սկզբունքը չի փոխվում:
Դուք չպետք է ազդվեք բազմաթիվ լրատվամիջոցների կողմից հրապարակվող ոչ ճիշտ գովազդներից»:
Infoport