Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», – նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց: Միայն ընդգծեց՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:
«Ես սպասում էի հրաշքի, որ մի բան պիտի լինի, մի հրաշք պիտի լինի, որովհետև իմ սիրտը մղկտում էր՝ ձեռք տալ, տեղահանել այն խաչքարերը, որոնք մեր պապերը կերտել ու այստեղ են դրել 800 տարի առաջ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա որքան ժամանակ է, ես ինչպե՞ս այդ խաչքարերին ձեռք տամ: Ես նույնիսկ վախենում էի պատիժ կրել, եթե դրանք Դադիվանքից հանեմ: Երկու օր ասում եմ՝ ես վախենում եմ, չեմ ուզում ու սպասում եմ հրաշքի», – եզրափակեց հոգևոր հովիվը։