«Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է»,- սա հատված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի երեկ կայացած հանդիպման մասին հաղորդագրությունից։
Իհարկե, նորություն չէ, որ նախագահն իր հայտարարություններում միշտ արձանագրողի դերում է, իսկ հայտարարություններն այնքան անորոշ են, ինչքան իր սահմանադրական լիազորությունները:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է աներ ՀՀ նախագահը, բացի Սյունիքում սահմանազատման գործընթացների վերաբերյալ առանց այդ էլ ընդգծված խնդիրն «ընդգծելը»՝ 168.am-ը հետաքրքրվեց «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից:
Ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ ՀՀ նախագահին սահմանադրորեն վերապահված լիազորություններին. «Ճիշտն ասած, նախագահի սահմանադրական լիազորություններն այնքան աղոտ են գրված. գրված է միայն՝ «հետևել»:
Կարծում եմ, վաղուց հենց նախագահը կամ իր իրավաբանական ծառայությունը պետք է դիմեր, օրինակ, նույն Սահմանադրական դատարան՝ հստակեցնելու՝ արդյո՞ք նա կարող է դիմել ՍԴ, որպեսզի կա՛մ կանգնեցնի, կա՛մ անօրինական ճանաչի այդ գործընթացը, որն արդեն եղել է»:
Հիշեցնենք՝ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
- Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
- Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
- Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով:
Հարցին, թե սահմանազատման գործընթացների ու դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրների մասին շարունակ բարձրաձայնվում է, ինչո՞ւ են իշխանություններն անհաղորդ խնդրին, իրավապաշտպանը պատասխանեց.
«Շատ լավ էլ հաղորդ են. իրենք հենց դա պլանավորված անում են: Հստակեցնենք, որ այդ բոլոր գործընթացները մեր երկրի իրավական որևէ մարմնի կողմից չէ, որ ղեկավարվում է. դա արվում է դրսի, այն է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Եթե չկա գրավոր կամ մեզ հայտնի պայմանավորվածություն, ապա նման բաները չեն արվում առանց որևէ պայմանավորվածության: Այսինքն՝ մեզ համար պետք է պարզ լինի, որ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության միջև:
Երբ պետությունը չի արձագանքում, նշանակում է՝ արդեն կա համաձայնություն այն պետության ներկայացուցիչների հետ, որոնք անում են այդ գործողությունները:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ տեղի ունեցողը ոչ միայն Հայաստանի պարագայում է անօրինական, այլև Ադրբեջանի համար. «Ադրբեջանը ևս հստակ գիտի, որ նման գործողություններն իրականացվում են բոլորովին այլ ձևով. ստեղծվում է հանձնաժողով, եթե պետություններն ունեն խնդիր, ապա հրավիրվում է երրորդ կողմը, և այլն»: