«Մարտական Եղբայրությունը» հայտնում է, որ առավոտից բերման են ենթարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների:
«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։ Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», -հայտնել են եղբայրությունից։
Ավելի ուշ նրանք տեսանյութ են հրապարակել Ոսկեպարից, որտեղ միաբանության մի քանի անդամենր երկու մեքենայով հասել էին այլ ճանապարհով:
«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։
Ինչպես արդեն հայտնել ենք, կորել է կապը Մարտական Եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ։
Հովսեփ Ղազարյանն էլ հայտնել է, որ ոստիկանությունն իրեն ապօրինաբար ձերբակալել է։
«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։
ՆԳՆ-ից հայտնել են, որ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
Կազմակերպությունը ժամը 14։00-ին հայտարարել է.
Ոստիկանության կամայականությունները շարունակվում են։
Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ
Արման Պետրոսյանը,
Տարոն Սիմոնյանը և
Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։