Ինչպես հունիսի 21-ին ծանուցեց Գերմանիայի հեռուստատեսության առաջին ալիքի՝ ARD-ի «Օրվա համայնապատկեր» (Tagesschau )լրատվականը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային դատախազությանը, չորեքշաբթի օրը Մայնի Ֆրանկֆուրտում ձերբակալել են երեք անձանց, որոնց կասկածում են օտարերկրյա գաղտնի ծառայություններից մեկին աշխատակցելու, լրտեսության մեջ:
Նրանք Գերմանիա են եկել տեղեկություններ հավաքելու: Ըստ դատախազության ծանուցման, կասկածյալների մասին ոստիկանությանը հաղորդել է թիրախավորված անձը, երբ նկատել է, որ հետեւում են իրեն, զգացել սպառնալիքը: Կասկածյալները Մայնի Ֆրանկֆուրտի սրճարաններից մեկում տեղեկություններ են հավաքել, հետեւել են նույն վայրում գտնվող իրենց թիրախին, որ Ուկրաինայից է, բնակվում է Գերմանիայում:
Երեք կասկածյալներից մեկը Հայաստանի, մյուսը՝ Ուկրաինայի, երրորդը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Նրանց կալանավորել են:
Ինչպես t-online լրատվականն է հաղորդում, կալանավորվածների անուններն են Ռոբերտ Ա., Վարդգես Ի. եւ Արման Ս. , որ հուշում է, թե լրտեսության մեջ մեղադրվողներն ամենայն հավանականությամբ հայեր են:
Դատախազությունը չի պարզաբանում, թե որ երկրի գաղտնի ծառայությանն են տեղեկություններ տրամադրել, սպասարկել կալանավորվածները:
Ավելին այս պահին հայտնի չէ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։