Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։
Նա 91 տարեկան էր։
Զորի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին՝ Ստեփանակերտում։ Գրական գործունեության ընթացքում հանդես է եկել նաև Հայկ Ղարաբաղցի ծածկանունով։
1992–1995 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992–1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակմանը, պարբերաբար գտնվել է առաջնագծի ամենաթեժ կետերում։ Նա նաև եղել է արտասահմանյան բազմաթիվ երկրներից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը։
Բալայանը իրականացրել է շուրջերկրյա ճանապարհորդություն «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով, որի ընթացքում օվկիանոսներն ու ծովերը հատվել են Արցախի պետական դրոշը բարձր պահած։









