Արևմուտքը և, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրների ղեկավարները Հարավային Կովկասում ստեղծված հետպատերազմյան ստատուս-քվոն փոխելուն ուղղված կոնկրետ գործողությունների են դիմում:
Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր նախընտրական խոստմանը հավատարիմ, ճանաչեց Ցեղասպանությունը, լարվածության նոր ուղղություն բացելով Թուրքիայի հետ հարաբերություններում:
Իսկ նախօրեին հեռախոսազրույց տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ջանքերը ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ուշագրավ հանգամանքն այն է, որը տեղ է գտել Ֆրանսիայի նախագահի՝ Ելիսեյան պալատի հաղորդագրությունում, կողմերը խոստացել են «առաջիկա օրերին» ներկայացնել «կոնկրետ նախաձեռնություններ» Ղարաբաղյան կարգավորման հարցի ուղղությամբ:
Ըստ նույն աղբյուրների՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Մակրոնն «ընդգծել է գերիների ազատ արձակման, մարդասիրական օգնության և մշակութային ժառանգության պահպանման գործում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:
Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշված է նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մասին:
Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայականին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է. «Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն, թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել»։
168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մակրոնը բարձրացնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացման հարցը, հայտարարում է, որ պատրաստ է աշխատել, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ առաջարկվող օրակարգին, քանի որ օրակարգում առաջարկվող հարցերի ցանկում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի ընդհանրապես: Մոսկվան, նրա խոսքով, չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, թեև կան եռակողմ հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Ես գտնում եմ, որ մենք կաջակցենք Մինսկի խմբի աշխատանքին, այդ դեպքում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես թե այնպես, վերսկսվելու են և, կարծում եմ, հենց սրանից է խոսք եղել Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի ընթացքում, և, իհարկե, Մակրոնը հետաքրքրվում է, թե ինչպես են իրականացվում այդ համաձայնությունները, քանի որ նա ևս անուղղակիորեն կանգնած էր այս գործընթացի թիկունքում:
Ամերիկացիները ճանաչեցին Ցեղասպանությունն այն ժամանակ, երբ հայերին ամենաքիչն էր դա հարկավոր: Դա պետք էր անել, օրինակ, 2015 թվականին, երբ հարյուրամյակն էր, արվել է հայտարարություն, որն իրավական ուժ չունի, քանի որ որևէ ստորագրություն չկա: Ամերիկացիները պատերազմի հետևանքները լեգիտիմ չեն համարում և ցանկանում են գործողությունները վերսկսել Մինսկի խմբի միջոցով: Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երևանի և Անկարայի միջև սկսվել էին չբարձրաձայնվող կոնտակտներ: Թեև Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ թուրքերն այնքան հպարտ են, որ միանգամից չեն գնա, այլ դադար կտան, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան կարգավորումը կկանգնի և ժամանակավորապես կդադարի:
Այսինքն՝ մի կողմից՝ ֆրանսիացիներն են փորձում հասնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացման, մյուս կողմից՝ ամերիկացիները, որոնք աշխատում են, ըստ էության, ստացվում է, որ իրավիճակի վատթարացման օգտին, և շատ հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Փարիզի միջև երկխոսություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ-ում իրենց քայլերի համաձայնեցման շուրջ»,- ասաց Տարասովը:
Ըստ նրա, ակնհայտ է, որ ՄԽ օրակարգը ներառելու է հումանիտար հարցեր, գերիների փոխանակում, սահմանների հարց, որն ընդունելի օրակարգ է բոլոր կողմերի համար, իսկ եթե հարցերի շարքում լինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա կարևոր կլինի այստեղ Ռուսաստանի արձագանքը:
«Դեռ հասկանալի չէ, թե ինչպես կառարկայանա այս ցանկությունը, բայց այն, որ Մակրոնի հետ Մոսկվան աշխատում է, նշանակում է, որ ինչ-որ բան է պատրաստվում: Վերադառնալով Բայդենին՝ նշեմ, որ Բայդենի ճանաչման պատճառներից մեկն էլ Ղարաբաղյան հարցն է, դրանով նրանք նաև բարդացրին Անկարայի ու Երևանի միջև երկխոսությունը: Թվում է, որ Փաշինյանի օգտին է խաղացել Վաշինգտոնը, թեև կարող է հետո այլ բան ստացվել: Ամեն դեպքում, վստահաբար, Թուրքիայի և Հայաստանի մերձեցման հարցում պաուզա կառաջանա: Ադրբեջանն էլ գուցե ցանկանա համերաշխություն հայտնել Թուրքիային, այստեղ ամեն ինչ փոխկապակցված է»,- նշեց ռուս վերլուծաբանը:
Անդրադառնալով Սյունիքով միջանցքի կամ ճանապարհի իրագործման պրոյեկտին՝ Տարասովն ասաց, որ առանց Բաքվի և Երևանի միջև նորմալ երկխոսության՝ հնարավոր չէ իրականացնել այդ ճանապարհը:
«Նրանք ստիպված են լինելու աշխատանքային կոնտակտներ հաստատել Երևանի հետ, իսկ ինչպե՞ս դա անել․ պետք է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, իսկ մենք տեսնում ենք տեղեկատվական պատերազմ: Տեսնում ենք, որ խաղաղ գործընթացի համար խոչընդոտներ են ձևավորվում, և գլխավորն այն է, որ այս ամենը չհասնի ռազմական բախումների: Եթե ՄԽ-ն սկսի աշխատել, դա կլինի զուգահեռ գործընթաց: Ղարաբաղի կարգավիճակի հարցում էական հանգամանքներ կան, երբ Պուտինն ասաց, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, նա նկատի ուներ, որ իրավաբանորեն ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից այն սահմանափակ կոնտինգենտ է Ադրբեջանի տարածքում: Դուք ինքներդ չեք համարում, որ այն Ձեր տարածքն է, այստեղ խնդիր կա: Իսկ ՄԽ-ն Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ է, հասկանալի է, որ ներկայումս ստեղծված կարգավիճակը պետք է փաթեթավորել ճիշտ միջազգային իրավունքի շրջանակում, հասկանալի է, որ այսքան հազարավոր զոհերից հետո միասին ապրել, համակեցություն հնարավոր չէ, իսկ այս ամենը կարող է տեղի ունենալ Մինսկի խմբի միջոցով: Այդ ֆոնին եռակողմ համաձայնությունները լոկալ բնույթ են կրում, հատկապես, երբ դրանցում որևէ խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին: Մոկսվան աշխատում է ՄԽ-ի հետ կարգավիճակի, ինչպես նաև խաղաղապահների կարգավիճակի շուրջ: Շատ են չլուծված հարցերը»,- ասաց Տարասովը:
Հարցին, թե հնարավո՞ր է միջանցք, եթե հայկական կողմը դրան դեմ է, Տարասովը պատասխանեց, որ, եթե դա տնտեսապես ձեռնտու լինի՝ ինչո՞ւ ոչ, Հայաստանն էլ իր պայմաններն է դնում:
«Փաշինյանը հիմա համաձայն չէ, սակայն այլ բաներ ևս ասում է, որը թույլ է տալիս, որ որոշակի շահերի կամ այլ ճանապարհների ապաշրջափակման դեպքում դա հնարավոր է»,- նկատեց նա:
168.am