Արցախի խորհրդարանաի քաղաքական բոլոր ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։
Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը»: