Չնայած, որ մեր մեծ առաջնորդն անսխալական է և նրա գործերն անքննելի են, այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ նա մի փոքր շտապեց Գարիկ Սարգսյանին Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հաշվի առնելով Գարիկ Սարգսյանի խորը գիտելիքները, հատկապես վերջին տարիներին կուտակած մեծ փորձը, դիվանագիտական բացառիկ ունակությունները և միջազգային անվիճելի հեղինակությունը, նա այս օրերին կարող էր նշանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատուկ բանագնաց՝ Ղազախստանի խնդրի կարգավորման հարցում։
Մինչև առաքելության մեկնարկը, Գարիկ Սարգսյանը կարող էր նաև առցանց եղանակով դասախոսություն կարդալ ՀԱՊԿ խաղաղապահ և հատուկ արձագանքման ուժերի հրամանատարական կազմի համար` «Փողոցային խուժանի ապօրինի իշխանազավթման կանխման և հեղափոխությունների դեմ պայքարի ժամանակակից մոտեցումները (տեսություն և պրակտիկա)» թեմայով:
Հիմա դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կունենան իրադարձությունները Ղազախստանում` առանց Գարիկ Սարգսյանի մասնակցության և դիվանագիտական ջանքերի»,- գրել է Ղազարյանը։







