«Լույս» հիմնադրամն արձագանքը է 2023 թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմանը՝ այն որակելով խնդրահարույց։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
ՀՀ կառավարությունը ս.թ. հուլիսի 20-ին որոշեց 2023 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 562 մլն. դրամ` «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով:
«Լույս» հիմնադրամն արձանագրում է, որ կառավարության տվյալ որոշումը խնդրահարույց է և իր մեջ պարունակում է մի շարք կասկածներ՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.
1. Որոշման նախագծի և նախագծին կից փաստաթղթերի մեջ առկա են գումարային անհամապատասխանություններ։ Մասնավորապես, եթե որոշման նախագծի մեջ ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարի չափը նշվում է 562 մլն. դրամ (ավելի կոնկրետ՝ 562,026.1 հազ. դրամ), ապա որոշման նախագծին կցված հիմնավորման մեջ հատկացվող գումարի չափը նշված է 592 մլն. դրամ (ավելի կոնկրետ՝ 592,026.1 հազ. դրամ)՝ այսինքն, 30 մլն. դրամով ավել։
Նույն որոշման նախագծին կցված ամփոփաթերթում տվյալ հատկացման շրջանակներում այս անգամ խոսվում է գումարի մեկ այլ չափի՝ 645.8 մլն. դրամի մասին։ Մասնավորապես, նախագծին կցված ամփոփաթերթում նշված է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին 645.8 մլն. դրամ գումարի տրամադրման վերաբերյալ որոշման նախագծի բովանդակային մասին անդրադարձել ենք փակ գաղտնի ընթացակարգով»։ Եթե հատկացվող գումարի իրական չափը 645.8 մլն. դրամ է, ապա այն որոշման մեջ նշված թվից ավել է 84 մլն. դրամով։
2. Ըստ որոշմանը կցված ամփոփաթերթի` ՀՀ ֆինանսների նախարարությունը, քննարկելով ՀՀ կառավարության որոշման այս նախագիծը, հայտնել է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է առաջնահերթ և հրատապ ֆինանսավորման ենթակա ծրագրերի գծով արդեն իսկ ընդունված որոշումներով և որոշման նախագծերով, որը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը, որպես նշված նախագծի ֆինանսավորման աղբյուր դիտարկելը խնդրահարույց է։ Նախարարության գրավոր առարկությունը ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզապես ընդունել է «ի գիտություն»։
3. Հարցը կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված է եղել չզեկուցվողների շարքում։ Ընդ որում, որոշման 2-րդ կետը հույժ գաղտնի է։ Որոշման նախագծում և նախագծին կից հրապարակված այլ փաստաթղթերում առկա չեն որևէ մանրամասներ, թե հատկացվող գումարը պետական սեփականություն հանդիսացող կոնկրետ ո՞ր կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանն է ուղղվելու։
Այսպիսով, «Լույս» հիմնադրամն արձանագրում է, որ.
· Հերթական անգամ այս ձևաչափով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվում են խոշոր դրամական միջոցներ։
· Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում հրապարակված փաթեթից պարզ չէ, թե ի վերջո որքա՞ն գումար է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 645.8 մլն. դրամ, 592 մլն. դրամ, թե՞ 562 մլն. դրամ։ Ներկայացված փաստաթղթերի մեջ առկա թվային անհամապատասխանությունները, ինչպես նաև հատկացվող գումարի ծախսման նպատակային նշանակության մանրամասների իսպառ բացակայությունն ու հույժ գաղտնի կետի առկայությունն էլ ավելի են ամրապնդում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների ոչ նպատակային վատնման վերաբերյալ կասկածները։
· Չնայած ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որոշմանը կից ամփոփաթերթում ներկայացվել է գրավոր առարկություն, սակայն ՀՀ ֆինանսների նախարարը կառավարության նիստի ընթացքում «կողմ» քվեարկեց տվյալ որոշման ընդունմանը։ Հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ վարչապետի աշխատակազմին «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով նման մեծ ծավալի գումարների հատկացման հրատապությունը, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն անգամ անտեսում է սեփական կառույցի մասնագիտական գնահատականն առ այն, որ տվյալ պահին պահուստային ֆոնդից միջոցների հատկացումը խնդրահարույց է և ռիսկային։ Նշենք, որ որպես կանոն ՀՀ պահուստային ֆոնդի միջոցները պահվում են այն նպատակով, որ պետության եկամուտների նվազման կամ պակասուրդի դեպքում հնարավորություն լինի պատշաճ ժամանակահատվածում իրականացնել այնպիսի անհետաձգելի վճարումներ, ծախսեր, ինչպիսիք են` կենսաթոշակների վճարումները, անվտանգային ոլորտի և այլ հրատապություն պահանջող ծախսերը։