Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սոցանցերի հայկական տիրույթում հայտնվող գրեթե ամեն բանական խոսքին հետևող հայհոյաբերան ֆեյքերի և հաճախ նաև իրական օգտատերերի ուղղորդվող «բանակը» նպատակ ունի սպանել նույն այդ խոսքը, չթողնել որպեսզի այն վերածվի խոսույթի կամ բարձրամակարդակ բանավեճի և դրանցից բխող եզրակացությունների ու հետևությունների։
Ըստ այդմ, դա հասարակության հնարավորին լայն շերտերի լյումպենացման և տգիտություն ու ստոր կրքեր խթանող պայմանականորեն «փերֆեքթ թիվիների» հաճախորդ դարձնելու հստակ քաղաքականություն է, իսկ այդպիսի հասարակությունը չի կարող կենսունակ լինել մեր պետության առջև ծառացած ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու։
Այս քաղաքականության դեմ պայքարի միջոցներից մեկն, ըստ իս, լուրջ համարում ունեցող լրատվամիջոցների սոցցանցային ալիքներում և էջերում հայհոյական ու տխմար մեկնաբանությունների խստագույն գրաքննությունն է, իսկ դա անել չկարողանալու դեպքում, մեկնաբանություն թողնելու հնարավորության անջատումը։ Ոչ մի լրացուցիչ դիտում կամ հավանում չարժե, որպեսզի մենք մեր իսկ գործողություններով նպաստենք մեր հասարակության մի խոշոր հատվածին պահելու տգիտության և ստոր կրքերի հորձանուտում՝ էլ ավելի խոցելի դարձնելով այն։