Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի. Զարեհ Սինանյան

19

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Armenian Business Corner նախագծի շնորհանդեսին: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Նախաձեռնությունը նպատակ ունի ԱՄՆ-ում առաջմղել հայկական արտադրանքը, ինչը, որպես արդյունք, կարող է էապես նպաստել հայկական ձեռնարկություններում նոր ներդրումների ներգրավմանը:

«Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Մենք կարող ենք կենտրոնանալ բարձրորակ և բացառիկ ապրանքների վրա, արտադրել և արտահանել դրանք: Մեր երկիրը կարող է դա: Նման նախագիծը թույլ կտա ամերիկյան շուկայում բարձրացնել հայ արտադրողի դերը՝ նպաստելով նաև մեր պետության զարգացմանը»,- իր ողջույնի խոսքում ընդգծեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Շնորհանդեսի ընթացքում ծրագրի հիմնադիր և ԱՄՆ-ում Enterprise Armenia-ի ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու առաքելությունը, այնուհետ գործընկեր կազմակերպությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։