Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը շնորհավորանք է հղել հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Բանկային համակարգի հարգարժան աշխատողներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի բանկերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազգային արժույթի՝ հայկական Դրամի թողարկման 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ։
Հայաստանի անկախության և պետականության անբաժան խորհրդանիշներից մեկը՝ ազգային արժույթը, մշտապես առանցքային դեր է ունեցել մեր երկրի տնտեսական, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կայացման ու զարգացման գործում, բազմիցս հաղթահարելով մարտահրավերներ ու ճգնաժամեր և ապացուցելով իր հուսալիությունն ու կենսունակությունը։
Սրտանց շնորհավորում եմ նաև բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալով քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման»։
Ազգային արժույթի 30-ամյակին ընդառաջ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հոբելյանական մետաղադրամներ:
10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային (հավաքորդական) մետաղադրամները շրջանառության մեջ կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև կպտտվեն աշխարհով մեկ՝ իրենց կարևոր տեղն ունենալով կոլեկցիոներների հավաքածուներում։