«Հայաքվե» նախաձեռնությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել այլ գաղափարակից ուժերի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Իրատեսական գնահատելով առկա իրողությունները՝ մենք մեր ուժերը կհամադրենք գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ։ Միասնական ճակատով պետք է հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում, կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնել»,-ասաց Չալաբյանը։
Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն խոշոր գաղափարական դաշիքնների մեջ, որովհետև չի կարելի ընտրությունների գնալ 25 փոքր կուսակցություններով։
«Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի ուժերին, կարծում եմ՝ այդ երկու ուժերի հետ համագործակցությունը պետք է տեղի ունենա ընտրություններից հետո, երբ տեսնենք, թե ժողովուրդն այդ ուժերին ինչ մանդատ է տվել»,- ասաց Չալաբյանը։
Նախաձեռնության համակարգողը միաժամանակ բացառեց ՔՊ-ի, նրա արբանյակների կամ նախկին իշխանությունների հետ քաղաքական դաշինքները։
«Օրինակ՝ ՔՊ-ի ակնհայտ արբանյակը «Հանրապետություն» կուսակցությունն է, բացարձակ արբանյակն է, գործող վարչախմբի՝ առավել ռադիկալ տարբերակը»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Թե որ ուժերի հետ կգնան ընտրությունների, նա առայժմ չմանրամասնեց։
Թե ով կլինի «Հայաքվե»-ի վարչապետի թեկնածուն, Ավետիք Չալաբյանը ևս չբարձրաձայնեց՝ նշելով, որ դաշինք կազմելու շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:
«Այս հարցին պատասխան չկա: Երբ դրանք վերջնականապես մշակենք, կհայտարարենք վարչապետի, պաշտպանության նախարարի, խոսնակի և նախագահի թեկնածուի անունը», – ասաց նա։







