ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը:
«Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երևանում:
Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության առաջմղման բացառիկ կառույց՝ իր ազդեցությունն ունենալով 700 միլիոն մարդկանց կյանքերի վրա:
Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է. այն բխում է մեր պետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից, քանզի իր անցյալով և ներկայով Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և ուրույն պատմամշակութային ժառանգության վրա:
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով՝ մեր երկրում ընթացող բարեփոխումների իրականացման գործում: Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի:
Երկրում ընթացող բարեփոխումները նաև անվտանգության հենարան են մեզ համար և ուղիղ փոխկապակցված են տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված մեր քայլերին: Ինքնիշխան, կայուն և ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքի միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության:
Այսօր մենք բոլորս լուրջ մարտահրավերների ենք առերեսվում աշխարհի ամենատարբեր անկյուններում: Խոսելով մեր տարածաշրջանի մասին՝ պետք է ասեմ, որ Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ: Ցավոք, Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մենք եւս մեկ անգամ ականատես եղանք ուժի չկիրառման սկզբունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների:
Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի մարմինների հասցեական արձագանքներն ու գործողությունները՝ ուղղված Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին: Կարևոր է Լեռնային Ղարաբաղի՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի ներքո: Օգտվելով առիթից՝ նաև մեր շնորհակալությունն եմ հայտնում ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների հայրենադարձման հրամայականի հարցը եւս ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, մենք վավերացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը` դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Սահմանազատման գործընթացի հիմքում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, ինչը նշանակում է, որ մեր սահմաններն այդ փաստաթղթով սահմանված, Խորհրդային Միության ժամանակ հաստատված սահմաններն են, որոնցով էլ երկու երկրներն անկախացել են:
Որպես խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ՝ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը խաղաղության հարատևման մեր ճանապարհային քարտեզն է՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնվելով երկրների իրավասության, ինքնիշխանության և օրենսդրության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա:
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին, որոնք հետևողականորեն օժանդակում են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության:
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք և հաճելի օրեր հյուրընկալ Հայաստանում»,- ասել է Ալեն Սիմոնյանը: