Հայաստանը պարտավոր է անհապաղ ներդնել կոշտ պրոտեկցիոնիզմի քաղաքականություն և վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը՝ էժան ներկրմամբ տեղական արտադրողի ոչնչացումը կանգնեցնելու համար։ Այս մասին այսօր ագարակցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ այսօր հայ ֆերմերը պարտվողական վիճակում է և ուժերի լարումով մրցակցում է այնպիսի երկրների ֆերմերների և վերջիններիս գյուղմթերքի հետ, որոնք հսկայական աջակցություն են ստանում պետությունից։
Նարեկ Կարապետյանը նկատեց՝ օրինակ՝ Իրանն ու Բելառուսն ակտիվորեն սուբսիդավորում են իրենց ֆերմերներին՝ ապահովելով նրանց էժան գազով, էլեկտրաէներգիայով և ուղղակի դոտացիաներով։ Դրա վերջնական արդյունքում ներկրվող արտադրանքն ավելի էժան է լինում, քան տեղականը։
«Երբ Հայաստան են ներկրում նուռ կամ այլ մշակաբույսեր, որոնք մենք ինքներս առատորեն աճեցնում ենք, դա բառացիորեն սպանում է մեր գյուղատնտեսությունը։
Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արարատյան դաշտում բերքի 20%-ը փտում և թափվում պարզապես այն պատճառով, որ շուկան լցված է բերովի ապրանքով»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քանի դեռ չկա մասնագիտացված նախարարություն, գյուղացիների շահերը պաշտպանող մարմին ուղղակի գոյություն չունի։
Նարեկ Կարապետյանը միաժամանակ շեշտեց՝ եթե տվյալ երկիրն արտադրում է որոշակի մթերք, ապա պարտավոր է սահմանափակել նույն մթերքի ներկրումը դրսից՝ սեփական քաղաքացիներին աջակցելու և պարենային անվտանգությունն ապահովելու համար։
«Եթե ես ցանկանամ ձեր նուռը տանել Պորտուգալիա, և նրանք իրենք են այդ նուռն աճեցնում, ապա կփակեն իրենց շուկան ու թույլ չեն տա ինձ ներս մտնել։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս, որ մեր երկիրը դառնա «բաց դաշտ» օտարերկրյա սուբսիդավորվող ապրանքների համար։ Մեր նպատակն է այնպես անել, որ հայ գյուղացին զգա պետության պաշտպանվածությունը, այլ ոչ թե միայնակ պայքարի հարևան երկրների կողմից իրականացվող դեմպինգի դեմ»,- ասաց Կարապետյանը։








