Հայաստանը խզում է կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 14-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան։
«Բայց դրանց մի զգալի մասը պայմանավորված է հայ ղեկավարների հիմարությամբ։ Օրինակ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելու որոշումը: Եթե ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկը փորձեր կալանավորել Ստոլտենբերգին, ի՞նչ կլիներ այդ դեպքում»: – ասաց Մամիջանյանը։
Այնուհետև, ինչպես նշել է պատգամավորը, Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության ծրագրից, որը, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, ռազմատեխնիկական օգնության որոշակի փաթեթ է պարունակում։
«Ուրեմն խնդիրներ կային և կան։ Բայց դրանք պետք է լուծել, այլ ոչ թե առանց երաշխիքների խզել գոյություն ունեցող կապերը՝ Հայաստանը լիովին մենակ թողնելով։ Ի վերջո, եթե հաշվարկն արվում է այլ ռազմաքաղաքական ճարտարապետության կամ դաշինքի համար, ապա ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանին ամենամոտ գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտը գտնվում է Թուրքիայի Ինջիրլիքում»,- նշել է Մամիջանյանը։
Խորհրդարանականի տեսանկյունից՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան հնարավոր լինի կասեցնել որևէ հայտարարությունով։
«Սա պահանջում է ուժային ներկայություն տեղում»,- ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը։