Վերջին ամիսներին թշնամու քայլերը՝ ՀՀ տարածք ներխուժելը և մասնավորապես Երասխում նոր ճակատ ստեղծելը, ըստ էության, ապացուցում է այն հիմնարար տեսակետները, որ թշնամին չի պատրաստվում կանգ առնել:
Վերջին օրերին Երասխը դարձել է նոր ճակատ: 2020թ. նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո հանցավոր իշխանության քարոզչական հիմնական թեզը այն էր, որ Հայաստանը մտնում է «խաղաղության» փուլ: Շատերը, ցավալիորեն, տուրք տվեցին այդ կեղծ թեզին, որը բացարձակ եզր չունի իրական և արժանապատիվ խաղաղության հետ: Անգամ ամենատարրական դատողություն ունեցողը կհասկանար, որ հաջողության հասած թշնամին ոչ միայն կանգ չի առնելու, այլ նաև մեզ չի խղճալու:
Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում խաղաղության, այլև բոլոր հիմքերը կան պնդելու, որ նրա ռազմավարական նպատակը, եթե ոչ հիմա, ապա ոչ հեռավոր ապագայում Հայաստանի ոչնչացումն է: Թշնամու քայլերը այլ ենթադրության հիմք չեն թողնում:
Խնդիրը մենք ենք, մեր հավաքական մտածողությունը: Ի՞նչ ենք մենք ուզում որպես հասարակություն: Մենք ուզու՞մ ենք պետականություն: Թե 700-800 տարի առանց պետականության մնալու հետևանքները դեռևս ազդում են մեր հավաքական գիտակցության վրա:
Շատերը կապիտուլյացիայից հետո ասում էին, որ «վե՛րջ, Արցախից պրծանք, հիմա հանգիստ կապրենք», կամ թե՝ իրենց երեխաները այլևս Արցախում չեն ծառայելու: Հարցի բարոյական մասը՝ մի կողմ․ այդ մարդիկ չհասկացան, որ Արցախում որոշվում էր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինելիության հարցը: Ջաբրայիլի, Մարտունու, Ասկերանի, Քելբաջարի, Շուշիի, Հադրութի մարտագծերով էր անցնում Հայաստանի սուվերենության սահմանն ու որոշվում Հայաստանի լինել–չլինելը: Հիմա, երբ չկա Արցախ, գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում են Հայաստանի սահմաններին:
Հիմա, երբ չկա Արցախ, արդեն Սյունիքն է դարձել շփման գիծ, Գեղարքունիքն է դարձել շփման գիծ, Արարատի մարզն է դարձել շփման գիծ: Ողջ Հայաստանն է դարձել շփման գիծ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում էին, թե կարևորը իրենց երեխաները Արցախում այլևս չեն ծառայի, նույն ձևով խուսափելու են իրենց երեխաներին ուղարկել Սյունիք, Գեղարքունիք, կամ Արարատի մարզ՝ ծառայելու:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
Աղբյուր՝ AntiFake.am