Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Մոսկվայի համար անընդունելի է ԵԱՏՄ-ի հարցում Երևանի մոտեցումը ու Հայաստանը հիմա պետք է որոշի՝ մնու՞մ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է ԵՄ ու իր որոշման մասին տեղյակ պահի Մոսկվային։ Հայաստանը չի կարողանա միաժամանակ պարել երկու հարսանիքի ժամանակ։
«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու, – շեշտել է Գալուզինը ։
«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որը վարում է հայկական ղեկավարությունը… պահպանել անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությունում այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել անդամակցության Եվրոպական միությանը։ Նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են», — ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման փաստաթղթերը՝ մինչև 2030 թ. և մինչև 2045 թ.։ Այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, «պարտավորվում է թույլ չտալ գործողություններ, որոնք վտանգի տակ կդնեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիան»։
«Ռուսաստանի վերաբերմունքը հայ քաղաքացիների նկատմամբ անփոփոխ է. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Հայաստանին ԵՄ անդամակցությամբ գայթակղելը պոպուլիստական կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։ Մոսկվան չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ։ ԵՄ ներկայացուցիչների մի խումբ արդեն իսկ ներկա է Հայաստանում, և նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»:
Գալուզինը նաև պաշտոնապես հաստատել է, որ Նարեկ Կարապետյանը չի հանդիսանում ու երբեք չի հանդիսացել ՌԴ քաղաքացի։








