«Իշխանությունները շատ ծանր են տանում պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում։ Ինձ հասած տեղեկություններով՝ պատրաստվում են կեղտոտ օպերացիայի՝ բոլոր ընտրատեղամասերում ուզում են վերահաշվարկ անել, այն մի քանի հարյուր ձայնը, որը չեն ստացել ու որի պատճառով պարտվել են, ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել ընտրության արդյունքները և մեկ մանդատ խլել մեր ժողովրդից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցած ու չմասնակցած երևանցիներին ու հավելել. «Եթե վաղը հանկարծ նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրությունների արդյունքները և ժողովրդից գողանալ այն մեկ մանդատը, որի պատճառով նրանք փոքրամասնություն են դարձել, ես կոչ եմ անելու առաջին հերթին նրանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին։
Կոչ եմ անում բոլոր քաղաքական ու հասարակական շրջանակներին վաղը պատրաստ լինել դուրս գալ փողոց, եթե «Քաղպայմանագիրը» որոշի լկտիաբար ձայների վերահաշվարկ անել։ Մենք, իհարկե, մեր վստահված անձանց կուղարկենք ընտրատեղամասեր՝ մասնակցելու վերահաշվարկի պրոցեսներին, բայց ժողովրդին կոչ եմ անում պատրաստ լինել»։