Ռուսաստանը զինապարտների փախուստը կանխելու համար Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի սահմանային հսկիչ անցագրային կետի մոտ զինկոմիսարիատի զորահավաքի կետ է տեղադրելու։
Տեղեկությունը հաղորդում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության մարզային բաժնին հղում անելով։ Գերատեսչությունում հավել են, որ մարդկանց թույլ են տվել առանց մեքենաների, ոտքով անցնել ռուս-վրացական սահմանը, քանի որ մեքենաների աննախադեպ կուտակումներ են գրանցվել Վերին Լարսի անցակետում։
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 3,5 հազար մեքենա է կուտակվել հերթի մեջ։ Մարդիկ, հաշվի չառնելով լեռնային կլիման, թողնում են մեքենաներն ու ոտքով կամ հեծանվով են անցնում սահմանը։ Նրանց առողջությունը վտանգվում է, քանի որ ոտքով բավականին երկար պետք է անցնեն լեռների միջով, որտեղ շինություններ, ցրտից պատսպարվելու հարմարություններ չկան։
Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարը, Պետավտոճանինսպեկցիայի ղեկավարը, Ռուսաստանի ԱԴԾ և Մաքսային ծառայության մարզային ղեկավարները Վերին Լարսի անցակետում խորհրդակցություն են հրավիրել՝ մարդկանց անվտանգությունը ապահովելու համար հավելյալ միջոցառումներ մշակելու նպատակով:
Նարինե Կիրակոսյան