«Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթի անվտագնության ապահովումը վերապահված է «Սիքյուրիթի գրուպ» ՍՊԸ-ին՝ «Տավրոս» պահնորդական ծառայությանը։
Ընթացակարգն այսպես է եղել. վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գարնանը ստեղծվել է մրցույթի կազմակերպման ու նախապատրաստման հարցերով հանձնաժողով։ Վերջերս պարզ դարձավ, որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի անվտանգության ապահովման մրցույթը, որին մասնակցել է 4 ընկերություն, (ընթացքում չորսից մեկը դուրս է եկել), վերջնարդյունքում շահել է «Տավրոս» պահնորդական ծառայությունը։
«Արմոբիլ», «Պանտեռա» ՍՊԸ-երը չեն մասնակցել մրցույթին, որովհետև պահանջվող հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ չունեն։
Առհասարակ, Հայաստանում հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ պահնորդական որևէ ծառայություն չունի, նաև չկա մի ընկերություն, որն այդպիսի որակավորում տա ու համապատասխան փաստաթուղթ տրամադրի։
Պահնորդական խոշոր կազմակերպությունների ղեկավարները, մեղմ ասած, տարակուսանքի մեջ են՝ ինչպե՞ս եղավ, որ պետությունը մեկ անձից գնման սկզբունքով նախապատվությունը տվեց հենց «Տավրոսին», որը մեծածավալ, միջազգային միջոցառումների անվտանգությունն ապահովելու փորձառություն, համապատասխան անձնակազմ, մասնագիտական այլևայլ անհրաժեշտ միջոցներ չունի։
Մեկ անձից գնում, հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատի պահանջ, որը ոչ մի կազմակերպություն չունի, և ընտրությունը կանգ է առել «Տավրոսի» վրա։
Խնդիրը «Տավրոսը» չէ, այլ այն, թե հայրենի կառավարությունն ինչպե՞ս է պատկերացնում «Մանկական Եվրատեսիլի» նման միջազգային խոշոր միջոցառման անվտանգության ապահովումը, երբ խնդրո առարկան Հայաստանի վարկանիշն է, անունը, պատիվը։
Նշենք, որ բոլոր պահնորդներն անպայման պետք է լիցենզավորված լինեն։
Հանրային անվտանգության ոլորտում հարուստ կենսագրություն, փորձառություն ունեցող ընկերությունները հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ չունենալու պատճառով չեն մասնակցել մրցույթին, որովհետև «սև ցուցակ» ընկնելը մեկից մեկ է։ Իսկ ահա «Տավրոսը» չի վախեցել «սև ցուցակ» ընկնելուց, ավելին՝ շահել է մրցույթը, և դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթի անվտանգությունը հենց «Տավրոսն» է ապահովելու։
Azg.am-ի թղթակիցն ու օպերատորը փորձեցին մտնել Մարզահամերգային համալիրի տարածք՝ նկարահանելու, թե «Տավրոսը» անվտանգության ապահովման համար նախապատրաստական ինչ աշխատանքներ է կատարում, սակայն տարածքը խստորեն վերահսկող ոստիկանները թույլ չտվեցին։ Օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մտնել այդ տարածք, եթե հատուկ թույլտվություն չունի։
Azg.am-ը հետաքրքրվել է, թե անվտանգության ապահովման ոլորտում փորձառություն ունեցող, 2006 թվականից պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա» ՍՊԸ-ի հիմնադիր Վահե Դարբինյանն ինչ դիտարկումներ ունի հայրենի կառավարության իրականացրած անվտանգության մրցույթի ու ընտրյալ կազմակերպության վերաբերյալ։
Նշենք, որ «Պանտեռան» ապահովել է Շառլ Ազնավուրի, Ջորջ Բենսոնի, Պատրիսիա Կասի, Լարա Ֆաբիանի, Ալ Ջերոյի, Քիմ Քարդաշյանի ու Քայնե Ուեսթի և համաշխարհային այլ մեգաաստղերի հայաստանյան այցերի, նրանց հանդիպումների, համերգների հանրային անվտանգությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.