Դեկտեմբերի 15-ին, Երևանում 7 բողոքի ակցիա է կազմակերպվել Արցախի Մարդու իրավունքների բոլոր չորս պաշտպանների, Հայաստանի Մարդու իրավունքների երկու պաշտպանների և հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ ի զորակցություն Արցախի:
ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների ու ԵՄ-ի և ՄԱԿ-ի գրասենյակների առջև տեղի ունեցած հավաքների ժամանակ ներկայացվել են Արցախի առկա վիճակը, հումանիտար աղետի փաստերը, մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտումները, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխավորման մոտեցումներն ու հակամարտության կարգավորման «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքը: Ելույթներով ու գրավոր դիմումներով պահանջվել են վերացնել Արցախի շրջափակումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրամադրել անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ:
«Մեր կարևոր պահանջներից մեկն էլ այն էր, որ հիմա հրատապ անհրաժեշտություն է բացել օդային հումանիտար միջանցք Արցախի հետ: Եվ այդ պահանջի ներկայացման համար կիրառել ենք թղթե ինքնաթիռների փոքր ֆլեշ մոբ:
Որոշվել է վաղը (դեկտեմբերի 16-ին) ժամը 15:00-ին նոր հավաք կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ուստի, բոլորին հորդորում եմ նշված ժամին գալ այնտեղ, որ նոր ուժերով շարունակենք մեր պայքարը:
Իսկ մենք շարունակում ենք մեր նստացույցը և մի խումբ անձանցով գիշերելու ենք տեղում»,- հայտնում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։