Նոյան Սոյաքը Թուրք-հայ գործարար միության (որն արդեն վերանվանվել է Թուրք-հայկական գործարար զարգացման խորհուրդ) համանախագահ Քաան Սոյաքի կրտսեր եղբայրն է, միաժամանակ այս կառույցի փոխհամանախագահը:
Սոյաք եղբայրները դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, նրա հանգուցյալ եղբոր՝ Թելմանի աջակցությամբ, ակտիվ գործունեություն են ծավալել Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ թուրքական տարբերակով կարգավորելու ուղղությամբ՝ չկարգավորվածությունը մեծապես պայմանավորելով 3-րդ երկրների, մասնավորապես արևմտյան, «անհարկի» միջամտությամբ, թե ամեն անգամ, երբ առաջընթաց է արձանագրվել կարգավորման բանակցություններում, վերջիններս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերով վիժեցրել են դրանք:
Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը դեկտեմբերի 7-ի համարում հրապարակել է Նոյան Սոյաքի հարցազրույցը, որը վարել է մեր պոլսահայ հայրենակցուհին՝ Վերճիհան Զիֆլիօղլուն: Հայաստանի հարցում թուրք գործարարի տեսակետերն առանձնապես չեն տարբերվում Թուրքիայի նախագահ Էրդողանի տեսակետերից:
Նա, մեղադրելով արևմտյան երկրներին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու մեջ, Հայաստանին էլ մեղադրում է կարգավորման պատեհ առիթները բաց թողնելու, 44-օրյա պատերազմում Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությանը դիմելու, դրանով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններն էլ ավելի սրելու մեջ:
Իհարկե, ոչ մի խոսք՝ 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության, ավելին՝ դրանում սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավման, արցախահայերի և հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանցի մարդասպան հրոսակի գազանությունների, անհետ կորած հայ զինվորների ճակատագրի, արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Արցախի ադրբեջանական օկուպացման, ինչպես նաև ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնագրավման մասին։
Բայց նա կարողանում է սխալ համարել Հայաստանի մինչև հիմա վարած քաղաքականությունը, չի մոռանում նոր քաղաքականություն որդեգրելու խորհուրդներ տալ: Ըստ ամենայնի, Սոյաքը նկատի ունի Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրումը, հավանաբար, դրա դիմաց «Զանգեզուրի» միջանցքը, որպես փոխհատուցում, վերջինին զիջելու պայմանով:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայում կայացած 3-րդ հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացն առանց նախապայմանների զարգացնելու մասին հայտարարություն են ստորագրել:
Էրդողանը, հաշվի առնելով այդ փաստը, դիմեց գավառական խորամանկության և Հայաստանին առաջադրվող թուրքական նախապայմանները սկսեց հորդորների տեսքով ներկայացնել: Փաստորեն, նույնը Սոյաքն է անում՝ մեղադրելով Արևմուտքի երկրներին Ցեղասպանության բանաձևերի միջոցով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու մեջ, անուղղակի Հայաստանից պահանջում է մերժել Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու բոլոր դրսևորումները՝ բանաձևերը ներառյալ:
Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է, որ երբ խնդրո առարկան Հայաստանն է և հայ ժողովուրդը, Թուրքիայում՝ իշխանություն, թե ընդդիմություն, Թուրք-հայկական գործարար զարգացման խորհուրդ, թե հասարակական կազմակերպություն, հանդես են գալիս «գորշ գայլերի» դիրքերից, որոնք ևս, ինչպես կարմիր կովը, կաշին չեն փոխում:
Սոյաքի հարցազրույցը թերևս դրանով է հետաքրքրել մեզ, կածում ենք՝ ընթերցողին նմանապես:
Ահա թե ինչպես է պատասխանել թուրք գործարարը պոլսահայ մեր հայրենակցուհու՝ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին առնչվող հարցերին. «Թուրք-հայկական հարաբերությունները «ինտերակտիվ» (փոխազդեցության) բնույթի հարաբերություններ են: Ստանդարտ լուծումներն այստեղ չեն գործի: Ընթացքից կարող են ուղեգծի վրա հայտնվել տարաբնույթ խոչընդոտներ: Օրինակ՝ երբ դուք մտածում եք, որ ամեն ինչ մտել է հունի մեջ, հանկարծ որևէ երկիր Ցեղասպանության բանաձևն է օրակարգ բերում: Կամ Հայաստանի հասարակությությունը հանկարծակի սկսում է աշխուժորեն քննարկել Թուրքիային վերաբերող թեժ մի հարց: Արդյունքում գործընթացը խափանվում է:
Ես այս գործընթացում պատահականորեն եմ ընդգրկվել: Մեր ծովային ընկերությունը զբաղվում էր բեռնափոխադրումներով: Շուրջ 4 տարի բնակվել եմ Մոսկվայում: Ապա բնակություն եմ հաստատել ԱՄՆ-ում: Մեր ընկերությունն այնտեղ շարունեկեց իր գործունեությունը՝ հաղթելով Միջին Ասիա և Հարավային Կովկաս մարդասիրական օգնություն փոխադրելու պետպատվերի մի քանի մրցույթներ: Այսպիսի օգնություն փոխադրում էինք նաև Հայաստան:
Մեր գործընկերներից մեկը հայաստանցի հայ էր: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստան հրավիրվեցի: Սկզբում լրջորեն երկմտում էի, որովհետև Հայաստանը ինձ համար փակ մի երկիր էր: Մեր գործընկեր Արսեն Ղազարյանը ինձ համոզեց, և ես 1996-ին իմ առաջին այցը կատարացի:
Իրականում Թուրքիայի հետ հարաբարություններ հաստատելու միտքը պատկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հանգուցյալ եղբորը՝ Թելմանին: Նա ամեն ջանք գործադրում էր դրանց կարգավորման համար: Այդ ժամանակ Սուլեյման Դեմիրելը Թուրքիայի նախագահն էր, ինձ ասաց, որ հանդիպել է նրան: Հետո իմ գործընկերոջ՝ Ղազարյանի հետ սկսեցինք ծրագրել առաջիկա անելիքները…
Ի պատասխան՝ «Դեմիրելի վարչակարգն այդ տարիներին ինչպե՞ս էր մոտենում գործընթացին» հարցին, Սոյաքն ասում է. «Հանդիպեցինք Դեմիրելին, նա մեր առջև կանաչ լույս վարեց: Հանդիպել ենք նաև թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներին: Տեսնելով, որ ոչ մի խոչընդոտ չկա, գործի անցանք:
Հենց սկզբից որոշեցինք ստեղծել պլատֆորմ երկու երկրների միջև: «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունը հանդիսացավ այդ պլատֆորմը, որի շրջանակում կազմակերպեցինք թուրք և հայ գործարարների հանդիպումներ, ապա Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-րդ տարեդարձին Երևան բերեցինք Թուրքիայի նախագահական սինֆոնիկ նվագախմբի կվարտետը»:
«Թուրքիայում իշխող կարծիքի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հարմար առիթ էին երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն առիթը բաց են թողել, համամի՞տ եք այս կարծիքի հետ» հարցին թուրք գործարարը պատասխանում է. «Միանգամայն՝ Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանը բաց թողած առիթ էր: Եթե մեզ հաջողվեր օգտագործել այդ պատեհ առիթը, ապա գործընթացը ներկայումս բոլորովին այլ ընթացք կունենար: Ցավոք, Տեր-Պետրոսյանը ստիպված հրաժարական տվեց, ինչի հետևանքով գործընթացը սառեցվեց: Ակնհայտ է, որ մշակութային միջոցառումներով գործն առաջ չես տանի:
-Եթե հետհայաց անդրադառնալու լինեք գործընթացին, ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
-Հետհայաց անդրադառնալու պարագային, պետք է նշեմ, որ այն, ինչ 20 տարի առաջ ասել եմ, այսօր «խաղաղության խաչմերուկ» նախագծով կյանքի է կոչում Հայաստանի վարչապետ Փաշինյանը:
Հիրավի, աշխարհագրության առումով ո՛չ Հայաստանը կարելի է տեղափոխել այլ վայր, ո՛չ էլ Թուրքիան: Որպես երկու հարևան երկիր գոյակցելու ենք միասին, հետևաբար, երկկողմ հարաբերությունները կարգավորելիս անհրաժեշտ է ապահովել նաև տնտեսական ինտեգրումը: Կասպից ծովից դուրս եկող էներգակիրները Հայաստանը շրջանցելու պատճառով Թուրքիային միանում են Վրաստանով, իսկ դա խողովակաշարերի երկարության հետ մեծացնում է նաև ծախսի ծավալները: Դրա իմաստը ո՞րն է…
Իր առջև բացված հնարավորությունները արժևորելու դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանի Շվեցարիան, նա այդ ներուժն ունի: Ստեղծված առիթները սխալ քաղաքականությունների հետևանքով 30 տարի անտեղի վատնվեցին: Հուսամ՝ նույն սխալը չի կրկնվի:
Որո՞նք են դրանք, ինչպես հայտնի է 2020 թ. հանուն Ղարաբաղի բռնկված Ադրբեջան-Հայաստան բախումներին մահացան հազարավոր մարդիկ: Քանի որ Հայաստանը քրիստոնյա երկիր էր, օգնության կոչով դիմեց Արևմուտքին:Վերին աստիճանի սխալ էր նրա այս փաստարկը: Արևմունտքը զուտ քրիստոնյա լինելու պատճառով ինչո՞ւ օգնի, կամ ինչ շահ ունի որ…Պետք էր նախապես մտածել այդ մասին, մանավանդ որ բնական գազի խողովակները Ֆրանսիա կամ Գերմանիա Հայաստանով չեն հասնում:
Հայաստանը միջազգային գործարար շրջանակներին և համանուն կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ ոչինչ չի անում: Նա պետք է դուրս գա այդ իրավիճակից և որդեգրի այլ բնույթի քաղաքականություններ»:
Այս շատ արժեքավոր խորհուրդներից հետո Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի համանախագահի տեղակալ Նոյան Սոյաքը եզրակացնում է. «Ես 26 տարի եղել եմ այս գործընթացի մեջ: Էրդողանի «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը 21տարի միանձնյա իշխում է երկրում: Կարելի է փաստել, որ մինչև 2013 թ. հաշտվողական քաղաքականություն է վարել, սակայն առկա խնդիրները դեռ չեն լուծվել: Հայաստանի վարչապետի հետ որևէ շփում առայժմ չենք ունեցել, դրան սպասում եմ: Սակայն սկզբունքորեն հատևում ենք նրա հայտարարություններին և աջակցում: Բացարձակապես չեմ ընդունում հայկական շուկաներում տարածվող այն տեսակետը, թե հարաբերությունների հաստատման դեպքում թուրքերը կգրավեն հայկական շուկան: Եթե ամեն ինչ կարգավորվի, ապա դուք Իգդիրից կես ժամում Երևան կհասնեք, Հայաստանը ցորենի կարիքն ունի, ներմուծում է Ռուսաստանից, արդեն Թուրքիայից կներմուծի»:
Հակոբ Չաքրյան