Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և ոճրագործությունների մասին սկսում է խոսել , երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են լինում։ Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցած տարի, երբ թվում էր՝ աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների, «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ մենք անկարող եղանք կանխել գործընթացները և այսօր ականատես ենք անդառնալի հետևանքների։
«Սա այն օրինակներից է, երբ միջազգային հանրության արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին։ Իսկ ատելության տարածումն ատելության խոսքից ի վերջո վերածվեց ատելության հանցագործության»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ ցեղասպան ռիսկերի միտումները պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ ոչ միայն արձագանք ապահովվելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով։
«Հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է՝ ՄԱԿ-ի կառույցների, անդամ երկրների և ՀԿ-ների միջոցով»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։