Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը Աշտարակի բանկերից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյունի մասին ահազանգը ստացել է առավոտյան 9:07-ին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների երկու մարտական հաշվարկ: Ժամը 10-ին մոտ հրդեհը մեկուսացվել ու մարվել է:
Տուժած յոթ քաղաքացիները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ բանկի հավաքարար Ռուզաննա Խաչատրյանը, հիվանդանոցում մահացել է: Պացիենտներից երկուսը առաջին բուժօգնությունը ստացել եւ դուրս է գրվել, չորսը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն: Պացիենտները, որոնցից երեքը տղամարդ է, մեկը՝ կին, վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանի տեղեկացմամբ պացիենտներից երեքն ունեն 15-25 տոկոս մակերեսով այրվածքներ, մեկինը՝ հասնում է մինչեւ 45 տոկոսի: Բոլորի մոտ վնասվել են նաեւ շնչուղիները: Ավելի քիչ վնասվածք ունեցողներն, հավանաբար, 1-2 օրից կտեղափոխվեն այրվածքային բաժանմունք, ավելի մեծ մակերեսով այրվածք ունեցող պացիենտը վերակենդանացման բաժանմունքում կմնա ավելի երկար: Տուժածները գիտակցության մեջ են, կարողանում են շփվել, բայց նաեւ շոկային վիճակում են: Նրանց հետ զրույցներից բժիշկը եզրակացրել է, որ մեկը հաճախորդ է, մյուսները՝ բանկի աշխատողներ:
Իսկ պայթյունի հետեւանքով այրվել են բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում գտնվող փաստաթղթերը: Մոտակայքում կայանված մեքենաներ էլ են վնասվել, կոտրվել է նույն տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։
Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ՝ պայթյունի հանգամանքները պարզելու համար: Նախնական վարկածը գազի արտահոսքն է: