«Լեռները հանրությանն են», «Lեռան գագաթին` միայն գագաթ», «Հատիսը պատվանդան չէ», «Հիսուսով տնտեսություն չեն պահում». այսպիսի վերտառությամբ պաստառներով մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հատիս լեռան վրա: Նրանք այստեղ Քրիստոսի արձանի տեղադրումն անընդունելի են համարում:
«Այս ամբողջ անիրավության համար մեղավոր է կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա, ինչպես միշտ, փորձում է մոլորեցնել հանրությանը» ,- նշել են ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք՝ Փաշինյանը գործադրի նիստին դրական էր գնահատել Գագիկ Ծառուկյանի՝ Հատիսի վրա Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունը, որից հետո , սակայն, ԿԳՄՍ նախարարությունը տարածել էր հայտարարութուն, ըստ որի, տեղում շինարարությունն անթույլատրելի է, քանի դեռ հաստատված նախագիծ չկա: Հետո գերատեսչությունները վստահեցրել էին, որ շինաշխատանքներ տարածքում չեն իրականացվում:
«Ոտքով առավոտից բարձրացել ենք ու տեսել, թե քանի թրթուրավոր տրակտոր է աշխատում, այստեղ նաեւ հորատողներ ու չափագրողներ կային: Փաստորեն, գրոշի արժեք չունի շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը, թե կասեցված է շինարարությունը»- արձանագրել են Հատիս հասած մարդիկ: Նաեւ նկատել են, որ որոշ հուշարձաններ շինաշխատանքների հետեւանքով արդեն վնասվել են:
Հատիսի վրա Քրիստոսի արձանի տեղադրմանը բացասական եզրակացություն էր տվել նաեւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը՝ նշելով, որ մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական և պատմամշակութային հուշարձանի ամբողջ համակարգն ու միջավայրը: Իսկ ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ այս լեռն արդեն զբոսաշրջային գրավչություն ունի: Սա լեռնագնացների, դահուկորդների, արշավականների եւ պարապլաներների սիրած վայրն է, եւ զբոսաշրջիկների պակաս արդեն չկա:
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսելու, որ նախաձեռնությունը կյանքի չկոչվի: