Այս իրավիճակի ամբողջ աբսուրդն այն է, որ աշխարհի խոշոր խաղացողները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ն ամենատարբեր մակարդակներով, ընդ որում՝ երկու պալատների կողմից է ճանաչել, փաստը ֆիքսել համարյա միաձայն։
Ցեղասպանություն բառը ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների բանաձևերով ֆիքսված է որպես Հայոց ցեղասպանություն։ Սպիտակ տունը՝ Ջո Բայդենի նախագահությամբ, յուրաքանչյուր ապրիլի 24-ին «Ցեղասպանություն» բառն իր ուղերձում կիրառել է։ Աշխարհը մեծ հաշվով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը. հունվարի 27-ին, մամուլի ասուլիսում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Բոլորի համար է զարմանալի, թե ինչպես կարող է Հայաստանի իշխանությունը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնել, հետևաբար, դժգոհության ալիք է բարձրացել ոչ միայն Հայաստանում, Սփյուռքում, այլև Հայաստանի գործընկերների շրջանում։
«Իրենք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հիմա դու ասում ես, որ ինքդ չես ճանաչում։ Նրանք ի՞նչ պիտի անեն՝ չեղարկե՞ն ճանաչումը։ Սա միջազգային գործընկերների մոտ անհասկանալի, աբսուրդային իրավիճակ է ստեղծում, որի լուծումները չգիտեմ՝ ինչպես են տրվելու»,- արձանագրեց Սուրեն Սարգսյանը։