«Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ երկու ուղղություններով անցուդարձի համար»,- ռուսաստանյան դիվանագիտության 2022 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Բերձորի միջանցքը չպետք է օգտագործվի ռազմական բեռներ տեղափոխելու համար։
Իսկ ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել, թե իբր հայկական կողմը միջանցքով ականներ է տեղափոխել, որոնցով ականապատվել են ադրբեջանական դիրքերի հարակից տարածքները։
«Ռուսաստանի ուղարկած խաղաղապահ զորախումբն իրավասու է եռակողմ համաձայնագրով վերահսկել և ստուգել յուրաքանչյուր մեքենա՝ բացահայտելու դրանցում արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության փաստը»,- ասել է Լավրովը։
Նա տեղեկացրել է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ օրերս հանդիպել են։
«Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կլուծվի»,- հույս է հայտնել Սերգեյ Լավրովը։