Սոցհարցման արդյունքում հարցվածների 83 տոկոսը պատրաստ է միանալ «Հայաքվեին», 47 տոկոսը կարծում է, որ պետք է զենքով պայքարել, թույլ չտալ Հայաստանը վերածեն թուրքական վիլայեթի։
«Հայաքվեի» կազմակերպիչները համոզվել են, որ հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, դատապարտում է իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությունը։
«Հայաքվեն» անհրաժեշտ քանակի ստորագրություններ է հավաքել ժամկետի կեսում՝ 4 շաբաթում՝ 58 հազար ստորագրություն։
Հաջորդ երկու շաբաթներին ստորագրահավաքի արդյունքը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ ԿԸՀ-ն ունի մեկ ամիս, որպեսզի վավերացնի «Հայաքվեի» արդյունքները։ Մինչև մեկ ամիսը ստույգ ժամանակահատված չէ՝ դա կարող է լինել 2 օրում, մեկ շաբաթում կամ հենց մեկ ամսում։ Եթե ԿԸՀ-ն օգտագործի մեկ ամիսն ամբողջությամբ, օրենքի նախագիծը ԱԺ կմտնի սեպտեմբերի վերջին։ Իսկ դրանից հետո խորհրդարանին տրվելու է 2 ամիս՝ օրինագիծը քվերակության դնելու համար։
Հոջորդ փուլում Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը քրեորեն պատժելի արարք համարելու և դրան օրենքի ուժ տալու համար «Հայաքվեն» պետք է մտնի ԱԺ։
«Մենք պետք է աշխատենք ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։ Ընդդիմադիրների հետ արդեն աշխատում ենք։ Շատերն ասում են, որ ՔՊ-ը, միևնույն է, դեմ է լինելու այս օրինագծին, դեմ է քվեարկելու։ Սակայն մեր կարծիքով՝ գործող իշխանությունն ինքն է հայտնվել իր վարած քաղաքականության ծուղակում։ «Հայաքվեն» գուցե այն փրկօղակը լինի, որը կհանի նրան այդ ծուղակից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծուղակից, փոխելով բանակցային պրոցեսի նարատիվը։ Ուստի, ամեն ինչ անելու ենք, որ գործող իշխանությանը համոզենք՝ հետ կանգնել իր աղետալի քաղաքականությունից։ Դրա համար մենք ուզում ենք ներգրավել լավագույն դիվանագետներին, լավագույն իրավագետներին։ Միացե՛ք մեզ։ Մեզ հանդիպել են Քպ-ականներ, որոնք ասել են՝ համաձայն չենք մեր ղեկավարաության վարած քաղաքականություն հետ, ըստ որի՝ նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս»,- «Հայաքվեի» առաջին փուլի վերջին ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։