Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած, երթով շարունակված, հաջակցություն Արցախի՝ Միասնության հանրահավաքն ամփոփվեց Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ, արցախյան պայքարի ակունքներում կանգնած մտավորական, հասարակական գործիչ, ԵՊՀ դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հնչեցրած հայտարարությամբ։
Հայտարարության տեքստը Azg.am-ը ներկայացնում է ստորև.
Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու քաղաքական կամքը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս գաղափարն է Հայաստանի Հանրապետության « Անկախության հռչակագրի» հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ՀՀ «Անկախության հռչակագրում» ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սապռնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլյացիա։
Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Արտաքին կոմնորոշումների քաղաքականությունը Արցախի Հանրապետության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։ Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի։ «Զանգեզուրի միջանցք» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։ Առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Մենք արձանագրում ենք՝ ՀՀ օրվա իշխանությունը, ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։ Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում։
Մենք հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության օրինական, ներպետական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով՝ Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առ ոչինչ։
Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով։ Կոչ ենք անում ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափությանն ու հոռետեսությանը, պատրաստ լինել պայքարելու՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի։
5 նոյեմբերի, 2022 թվական, Ֆրանսիայի հրապարակ